Անահիտ Մանասյանը աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում

Անահիտ Մանասյանը աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռու մարզի աղետի գոտում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 31-ին աշխատակազմի ներկայացուցիչների հետ փաստահավաք աշխատանքներ է իրականացրել  Լոռու մարզի աղետի գոտում: Պաշտպանն այցելել է հեղեղումներից տուժած բնակավայրեր, առանձնազրույցներ ունեցել ավելի քան 50 բնակիչների հետ, այդ թվում` տարհանված ընտանիքների: Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները:  

Քաղաքացիները, ի թիվս սոցիալական բնույթի մի շարք հարցերի, բարձրաձայնել են խնդիրներ` կապված սեփականության իրավունքի, փաստաթղթերի կորուստի, պատճառված վնասի փոխհատուցման, կրթության իրավունքի հետ: Բնակիչները` որպես հրատապ լուծում պահանջող հարց, առանձնացրել են փոխհատուցման հետ կապված հարցը, ինչը, Պաշտպանի գնահատմամբ, ունի առաջնահերթ հասցեավորման անհրաժեշտություն` անձանց բազմաթիվ հիմնարար իրավունքների պատշաճ իրացումը երաշխավորելու դիտանկյունից։  

Անձինք բարձրացրել են նաև սոցիալ֊հոգեբանական վիճակին առնչվող հարցեր։ Այդ առումով Պաշտպանը կարևորում է բնակիչներին հոգեբանական պատշաճ աջակցության տրամադրման նշանակությունը։  

Պաշտպանն ընդգծում է, որ առաջնահերթ նշանակություն ունեն նաև երեխաների կրթության իրավունքին առնչվող խնդիրները, այդ թվում` քննությունների կազմակերպման հարցերը դիտարկելիս երեխաների հոգեբանական և ստեղծված իրավիճակի այլ հետևանքները հաշվի առնելը։  

Անահիտ Մանասյանը բնակիչներին հայտնել է, որ բարձրաձայնված մի շարք խնդիրներ արդեն իսկ հասցեավորվել են պետական իրավասու մարմիններին` դրանց լուծումներ տալու նպատակով:  

Փաստահավաք աշխատանքի արդյունքում վերհանված մյուս  խնդիրները կամփոփվեն և կուղարկվեն համապատասխան մարմիններին:  

Պաշտպանը վստահեցրել է` իր իրավասության շրջանակում աջակցելու է բոլոր խնդիրների լուծմանը և մարդկանց իրավունքների պատշաճ իրացմանը:  

Նույն օրն Անահիտ Մանասյանը հեղեղումների հետևանքով վնասված թաղամասեր է այցելել նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ-ում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Անահիտ Մանասյանն այցելել է նաև Սանահին կայարան թաղամաս և զրուցել բնակիչների հետ: Այցի ընթացքում ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը ներկայացրել է այն վնասները, որոնք կրել է բնակավայրը հեղեղումների հետևանքով:  

Լոռի այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն Ալավերդի քաղաքի Միասնական տեղեկատվական կենտրոնում հանդես է եկել ասուլիսով:  

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, այդ թվում` Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումները շարունակում են աշխատել արտակարգ ռեժիմով: 

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100:

HRD  (1).jpeg (98 KB)

HRD  (17).jpeg (165 KB)

HRD  (11).jpeg (134 KB)

HRD  (14).jpeg (189 KB)