«Հաջորդ կայարանը՝ Մանկություն»

Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում երեխաների համար կազմակերպվել էր ուրախ ու հետաքրքիր միջոցառում, որին մասնակից են եղել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն Բաբկեն Սեդրակյանը և մետրոպոլիտենի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։
Մետրոպոլիտենը կարծես մանկության մոլորակ լիներ, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։
Տոնական օրվա կապակցությամբ՝ «Ռադիո Վան» ընկերության նախաձեռնությամբ Երևանի մետրոպոլիտենի կայարանային համալիրների, շարժասանդուղքների և գնացքների միջի ձայնային հաղորդումներն ընթերցում էին երեխաները։
Սիրված մուլտհերոսների ուղեկցությամբ՝ օրվա հերոսները տոնական գնացքով ուղևորվեցին դեպի «Հանրապետության հրապարակ» կայարան, որտեղ և շարունակվեց տոնախմբությունը։
Կայարանի շատրվանների մոտ երեխաները նկարվեցին իրենց սիրելի մուլտհերոսների հետ, պարեցին, երգեցին, մասնակցեցին մրցույթների, համտեսեցին պաղպաղակ,քաղցրավենիքներ և ստացան փոքրիկ նվերներ մետրոպոլիտենի անձնակազմի կողմից։
Հունիսմեկյան տոնի առթիվ Երևանի մետրոպոլիտենի ողջ անձնակազմի մաղթանքը երեխաներին մեկն է` խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա: