Երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են. Անահիտ Մանասյանը Լոռու մարզում մասնակցել է հունիսմեկյան միջոցառման

Երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են. Անահիտ Մանասյանը Լոռու մարզում մասնակցել է հունիսմեկյան միջոցառման

Մարդու իրավունքների պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Պրիվոլնոյե բնակավայրում երեխաների համար կազմակերպել են տոնական միջոցառում։  

Բնակավայրի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է շուրջ 100 երեխա: Ներկա են եղել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նաև Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը:  

Մասնակիցներին ողջունել և Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:  

Պաշտպանը նշել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն իր առաջնահերթություններից է: Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ անկախ բնակության վայրից, չափազանց կարևոր է, որպեսզի երեխաների առաջ բացվեն լայն հնարավորություններ: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ շեշտել է, որ միջոցառման անցկացման վայրի ընտրությունը պատահական չէ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ միջոցառումը կարող է լինել հենց այդ հնարավորություններից մեկը:  

«Կարևորում եմ երեխաների համար այնպիսի միջավայրի ձևավորումը, որը թույլ կտա նրանց զարգացման համար անհրաժեշտ պայմաններ երաշխավորել: Սիրելի ծնողներ, ուսուցիչներ, գործընկերներ, ցանկանում եմ ընդգծել երեխաների համար մեր օրինակելի վարքագծի դերակատարությունը։ Պետք է մշտապես հիշենք, որ երեխաները մեզ հաճախ չեն լսում, բայց հիանալիորեն ընդօրինակում են», - ասել է Անահիտ Մանասյանը:  

Իր հերթին, Քրիստինե Վայգանդը նշել է, որ երեխաների հետ երկխոսությունը դպրոցում օգտակար էր մի շարք առումներով։  

«Այս տարի նշում ենք Երեխայի իրավունքների կոնվենցիայի 35-ամյակը, որի շրջանակներում անհրաժեշտ է մեկ անգամ ևս վերլուծել երեխաների իրավիճակը և ականջալուր լինել նրանց դիտարկումներին, որը կուղենշի մեր հետագա անելիքները», - նշել է Քրիսթինե Վայգանդը:  

Միջոցառման նպատակն էր խթանել երեխաների մասնակցության, լսված լինելու և կարծիքն ազատ արտահայտելու իրավունքների իրացումը՝ ստեղծելով երեխայակենտրոն հարթակ, որտեղ երեխաներն ու երիտասարդները կարող են ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, և դրանք քննարկել ոլորտային իրավասու ներկայացուցիչների հետ։  

Նրանց համար կազմակերպվել են երեխաների իրավունքներին վերաբերելի քննարկումներ՝ Պաշտպանի աշխատակազմի, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների ներգրավմամբ:   

Միջոցառման շրջանակներում երեխաները հանդես են եկել երաժշտական կատարումներով:  

Անահիտ Մանասյանը Պրիվոլնոյե բնակավայրում մասնակցել է նաև Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզի բացման արարողությանը:  

Պաշտպանը նշել է, որ մարզային բնակավայրերում որակյան նախակրթական հաստատությունների, դպրոցների առկայությունը համայնքի զարգացման տեսանկյունից չափազանց կարևոր դերակատարություն ունի:  

Քրիստինե Վայգանդն էլ ընդգծել է, որ վաղ մանկական ուսումնառությունն ամուր հիմք է դնում երեխաների ապագա կյանքի համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց զարգացնելու տարբեր ձիրքեր և պատրաստվել դպրոցին:  

Պրիվոլնոյե բնակավայրի մանկապարտեզը հիմնվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, համայնքի և մարզպետարանի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ։ 

447246562_781887710796830_1022263733034209751_n.jpg (101 KB)

447253260_781887417463526_5285258656088927683_n.jpg (122 KB)