ՆԳ նախարարին աղետի գոտում ներկայացվել են Փրկարար ծառայության կատարած աշխատանքները

ՆԳ նախարարին աղետի գոտում ներկայացվել են Փրկարար ծառայության կատարած աշխատանքները
Հունիսի 2-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է աղետի գոտի։ Այս մասին տեղեկացնում են Ներքին գործերի նախարարությունից։
Ըստ հաղորդագրության` փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Ծառայության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ՆԳ նախարարին են ներկայացրել աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները։
Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Մայիսի 26-ից մինչև հունիսի 3-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 120 մարտական հաշվարկ, 26 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 1419 փրկարարական ծառայող։
Աղետի գոտիներում՝ Լոռու մարզում՝ աշխատել է 970 և Տավուշի մարզում՝ 449 փրկարարական ծառայող։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 445 մարդ, մասնավորապես՝ 403 մարդ՝ Լոռու մարզում և 42 մարդ՝ Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ։
Իրականացվել են հումանիտար բեռների բեռնաթափման աշխատանքներ. աղետի գոտում հայտնված բնակավայրերի բնակչությանը բաշխվել են առաջին անհրաժեշտության պարագաներ, սննդամթերք, դեղորայք և վառելիք։
Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օժանդակել են վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող գազի վթարային ծառայությանը, էլցանցին, կապի և ջրամատակարարող ընկերություններին։
Աղետից տուժած բնակավայրերում շարունակվում են նկուղներից՝ ջրահեռացման, փողոցներից ու բակերից՝ ջրաբերուկների մաքրման, տարհանման, ինչպես նաև հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերի բնակիչներին սննդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովման աշխատանքները։