Մրցակցային շուկայի շնորհիվ հայաստանցի «շոկոլադասերները» չեն տուժում․ կակաոյի գների ցատկը կտևի մինչև տարեկես

Մրցակցային շուկայի շնորհիվ հայաստանցի «շոկոլադասերները» չեն տուժում․ կակաոյի գների ցատկը կտևի մինչև տարեկես

Հատիկավոր կակաոյի համաշխարհային մատակարարումների 70%-ի պատասխանատու Գանայում և Կոտդիվուարում հայտնի բուսատեսակի ցանքատարածությունների համար անբարենպաստ եղանակային պայմաններ են։ Սպասվող վատ բերքի մասին լուրերը հումքատեսակի գների աճ են հրահրել։

«Երկար ժամանակ է միջազգային շուկաներում կակաոյի գների որոշակի աճ կա, ինչը հիմնականում սկսվել է այս տարվա սկզբից։ Շարունակական աճը հանգեցրել է ֆյուչերսների գների բարձրացման»,-ասում է ՀՊՏՀ Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը։

Հատիկավոր կակաոյի ապառնագրերի գները 1 տարվա կտրվածքով աճել են 50%-ով: Աճն աննախադեպ է, բացատրությունները՝ տարբեր:

Եթե Լոնդոնի բորսայի գնանշումներով առաջնորդվենք, ստացվում է, որ մենք այժմ շոկոլադ ենք վաճառում գլխավոր հումքի արժեքից պակաս գնով՝ ասում է հայկական շոկոլադագործական «Արկոլադ» ընկերության սեփականատեր Էմիլ Հարությունյանը:

Անբարենպաստ եղանակային պայմանների մասին լուրը հասել է աշխարհի ֆինանսական մայրաքաղաքներում հումքի հետ կապված «արժեքավոր թղթեր» գնող ու վաճառող թրեյդերներին: Կակաոյի սակավություն լուրերի ֆոնին նրանք զանգվածաբար գնում են ապառնագրերն ու բորսաներում հրահրում «քաղցրասերների համար կարևոր նշանակության հումքի» թանկացման: Հարցի վերաբերյալ նույն բացատրությունն ունի հայաստանյան շոկոլադ արտադրողը:

«Քանի որ այն բորսայական ապրանք է, կա մեծ սպեկուլյատիվ բաղադրիչ, իսկ մի փոքր մասն էլ կակաոյի դեֆիցիտի հետ է կապված։ Նախկինում էլ, մեր գործարանի պատմության ընթացքում նման բաներ եղել են, բայց այս անգամվա աճն աննախադեպ է: Առաջ սպեկուլյատիվ եռուզեռն ի վերջո հանդարտվում էր, մենք շարունակում էինք տրամաբանված գներով հումք ձեռք բերել: Հիմա տեսանելի չէ, թե ինչ կարող է լինել»,-մանրամասնում է գործարարը:

Հատիկավոր կակաոյի գների թռիչքի կանգ չառնելը փորձագետ Էդգար Աղաբեկյանը մասամբ բացատրում է հումքի նկատմամբ համաշխարհային բարձր պահանջարկով։

«Ե՛վ կանխիկ կնքվող ու կատարվող առաքումների սփոթ շուկայում, և՛ ապագա մատակարարումների ժամկետային շուկայում գներն իրար հետ փոխկապակցված են։ Հումքի գների վրա բնականաբար ազդում են թե՛ այդ շուկաները, թե՛ սպառողների սպասումները։ Բայց անորոշությունը նվազելուց հետո սփոթ շուկայում և ապագա առաքման շուկայում գները կմոտենան իրար և արդյունքում հումքի գների կանոնակարգում տեղի կունենա»,-մանրամասնում է փորձագետը։

Տնտեսագետը հայ շոկոլադագործների շրջանում չկշռադատված քայլի դիմելու հիմքեր չի տեսնում։ Ըստ նրա՝ Հայաստանում շոկոլադ արտադրողները մի քանիսն են, պատրաստի արտադրանքի մի մասն էլ ներմուծվում է։ Եթե հայաստանյան արտադրողներն օգտագործում են կակաոյի դեռևս նախկինում ձեռք բերված խմբաքանակ, պատրաստի արտադրանքի ինքնարժեքում կներառեն կակաոյի ոչ ներկա գինը։

«Ունենք մրցակցային շուկա։ Եթե մեկ ներքին արտադրողը սկսի գին բարձրացնել, կշահեն մյուսները։ Այստեղ դժվար է որոշակի պայմանավորվածության գալ, որովհետև մենաշնորհային շուկա չէ։ Հետևաբար` մտածել, որ արտադրողները որոշելու են ռիսկի դիմել և գերշահույթ ստանալ, դա այս փուլում չեմ կարծում, որ լինի»։

Երևանյան խանութների ցուցափեղկերին շոկոլադե արտադրանքի առերևույթ թանկացում չի նկատվում։ Սեփական տեսականու մասին նույնն է պնդում «Արկոլադ» գործարանի ղեկավարը։

«Պատրսատի արտադրանքի գին չենք ավելացրել, սպասելով, որ հումքի գների վերելքից հետո վայրէջք է լինելու, միշտ այդպես է եղել։ Բայց այս անգամ մի քիչ տարօրինակ է։ Շուկայի մրցակիցների մասով էլ ամենօրյա մոնիթորինգ ենք անում, առայժմ փոփոխություն չկա»:

Հայկական ապրանքանիշի ղեկավարից հետաքրքրվում եմ՝ տեղական շուկայում գնի հավանական փոփոխությանն ինչպես կարձագանքեն սպառողները:

«Կախված կլինի նաև շուկայի մյուս մասնակիցների առաջարկից։ Ամեն դեպքում ցանկացած գնի աճը բերում է վաճառքների անկման։ Գուցե կարճ ժամանակով, բայց անկում գրանցվում է»։

Ամբերդ հետազոտական կենտրոնի փորձագետի կանխատեսումը հօգուտ շոկոլադասերների է։  Ըստ նրա՝ շոկոլադը «գերթանկարժեք» սննդատեսակ չի դառնա։ Համաշխարհային շուկայում ակնկալում են, որ հատիկավոր կակաոյի գների աճը դադար կառնի ընթացիկ տարեկեսին։

«Ֆյուչերսների գներին նայելով երևում է, որ ամռանը սպասում են գների որոշակի անկման։ Դա մասամբ պայմանավորված է այլ արտահանող երկրներում սպասվող բերքատվությամբ։ Երբ ուսումնասիրում ենք տարբեր ամիսների առաքումների ֆյուչերսների գները, հենց հուլիսից սկսած գները գնալով նվազում են։ Առաջատար վերլուծաբաններն էլ, այդ թվում ամերիկյան Սիթի ֆինանսական կոնգլոմերատից, կարծում են, որ 2024 թվականի կեսերից սկսած մինչև  2025 թվականը, ներառյալ` անկման որոշակի տենդենց է գրանցվելու»։