ԿՅԱՆՔԻ ԳՈՐԾԸ․ ՍԱՐԳԻՍ ԳԱԲԱՅԱՆ

ԿՅԱՆՔԻ ԳՈՐԾԸ․ ՍԱՐԳԻՍ ԳԱԲԱՅԱՆ

Ժամանակ առ ժամանակ աշխարհը բախվում է ազդեցություննների և ռեսուրսների վերաբաշխման խնդրին, իսկ  «խաչմերուկային» պետություններն ուղղակի այդ ամենի թատերաբեմն են դառնում։ Հայաստանն առայսօր տուժում է դրանից, մեր ներուժն առավելության վերածելու հնարավորությունը, մեղմ ասած, դեռևս  չի օգտագործվում։ Քսանմեկերորդ դարում պատերազմները ջրի համար են  լինելու մասնագետների այս կանխատեսումն աշխարհում  թափ է հավաքել անցած դարի վերջին, երբ բազմաթիվ երկրների,  տարածաշրջանների օրինակով սկսել է իրականություն դառնալ։ Իսկ Հայաստանը, չունենալով բնական այլ պաշարներ, շատ ջուր ունի, առավելապես՝ քաղցրահամ, որ մեր լեռներից սկիզբ առնելով, հոսում է երկրից դուրս։ Մեր երկրի դեպքում, երբ ճակատագրի հեգնանքով, չորս հարևանից երկուսը ոխերիմ ու արյունարբու թշնամի են, ազգային-ազատագրական պայքարն անխուսափելի էր դարերով, վերջին երեսուն տարում՝ նոր փուլերով, անցյալ աշնանը՝ ողբերգական։ Սակայն անգամ մեր ազգային-ինքնապաշտպանական պատերազմներում թուրք-ադրբեջանական նկրտումների առանցքում  նաև հայկական առատ ջրաղբյուրներն են՝ պատահական չէ, որ առաջինը հոշոտեցին Մատաղիսն ու ջրամբարին տիրացան, Քարվաճառի ջրառատ լեռներին հասան, հրադադարից հետո անգամ դեպի Սարսանգի ջրամբար ու Սևանա լիճ են ձգտում։  Այս պատերազմում ջրի գիծն էլ է խառնվել մեծ արյունահեղությանը։

Վերջին ամիսներին մեր ապրած ողբերգությունը ստիպում է վերանայել շատ իրադարձություններ ու հանգամանքներ, իսկ նվիրյալ մի պրոֆեսիոնալի հարյուրամյա հոբելյանն առիթ է դառնում՝ գնահատելու նրա վաստակն ու կարևորությունը՝ Հայաստանի ջրային պաշարների կառավարման, արդյունավետ օգտագործման ու տնտեսությանը ծառայեցնելու գործում։

Սարգիս Գրիգորի Գաբայանը ջրային ոլորտի առանցքային դեմքերից էր, որ փաստացի դարձել է նաև ջրային ռեսուրսների կառավարման նորովի մոտեցումների  ջատագովը Հայաստանում։ Նա ծնվել է 1921թ հունվարի 6-ին, Վրացական ՍՍՀ Մառնեուլի շրջանի Սիոն գյուղում։

1938 թվականից ուսանել է Երևանի Պոլիտեխնիկի հիդրոտեխնիկական ֆակուլտետում, 1941թ Մեծ Հայրենականի սկսվելուց հետո զորակոչվել բանակ։ Զորացրվել է Հաղթանակից ավելի քան մեկ տարի հետո, 1946թ, կապիտանի ուսադիրներով վերադարձել Երևան, շարունակել ուսումը Պոլիտեխնիկական ինստիտուտում։

1948թ ավարտելով բուհը, Սարգիս Գաբայանն աշխատանքի է անցել Հայաստանի ջրային տնտեսության նախարարության «Հայջրնախագիծ» ինստիտուտում որպես ինժեներ-նախագծող, որտեղ աշխատել է երկար տարիներ՝ հստակ առաջնորդվելով համոզմունքով, որ մեծ երկրի, առավել ևս Հայաստանի համար, պատերազմը չի ավարտվել  և նոր փուլը շատ ավելի երկարաժամկետ ու կարևոր է պետք է ջանք, միտք ու եռանդ ներդնել տնտեսության զարգացման համար։  Իր նոր «ֆրոնտը» ջրայինն էր, որտեղ շատ երիտասարդ տարիքից հասկացել էր, որ նավթ չունեցող երկիրն ավելի թանկ ու կարևոր ռեսուրս ունի ու հենց այդ ռեսուրսն էլ, որպես ազգային հարստություն, պետք է ծառայի երկրի ոտքի կանգնելուն։ Հայաստանից դուրս հոսող պաշարներն ամբարելը, ոռոգելի գյուղատնտեսությունը խթանելն օրախնդիր էր։ Պատերազմական վերքերն իրեն զգացնել էին տալիս, առողջությունը քայքայված էր, բայց աշխատանքի մեջ, նա, ժամանակակիցների խոսքով, ինքն իրեն ու գործընկերներին խնայել չուներ։

1953թՍ Գաբայանը նույն կառույցում  խմբի ղեկավար է նշանակվում, երեք տարի անց՝ բաժնի պետի տեղակալ։ 1957-1961թթ, ղեկավարում է «Հայջրնախագիծ» ինստիտուտի մեխանիկական ոռոգման  բաժինը։ Բոլոր այս տարիներին և դրանից հետո Գաբայանը միշտ եղել է ոլորտի հեռանկարային զարգացման ծրագրերի ակունքում։

Ս Գաբայանի անմիջական մասնակցությամբ նախագծվել են  Արզնի-Շամիրամի, Ստորին Հրազդանի, Կոտայքի ջրանցքները, Ապարանի ջրամբարը, ոռոգման խոշոր համակարգերը։ Նա նաև մասնակցել է Արարատյան  հարթավայրի ստորգետնյա ջրերից սնվող ոռոգման և այլ համակարգերի նախագծման աշխատանքներին։ Դրանց միջոցով  լուծվել են գյուղատնտեսության համար կարևոր մի շարք հիմնահարցեր։

 Հենց այդ տարիներին են նախագծվել ու կառուցվել նաև Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը՝ Սևան, Գյումուշ, Աթարբեկյան, Երևան հէկ-երը, որ յուրահատուկ էին իրենց ինժեներական և ճարտարապետական լուծումներով։  Երկրում ինժեներական մտքին շատ մեծ զարկ է տրվել Արփա-Սևան թունելն է կառուցվել այդ ժամանակահատվածում:

Հենց այդ շրջանում է ձևավորվել հիդրոնախագծողների մեծ բանակը, որտեղ Սարգիս Գաբայանը շատ կարևոր տեղ ու դիրք էր զբաղեցնում իր գիտելիքներով, հմտությամբ ու գործին նվիրվածությամբ:

Սկզբնական շրջանում, երբ թիմն աշխատում էր, հանրապետությունում կար փոքր ծավալի մոտ 30 ջրամբար, այնքան փոքր, որ ջրամբար անվանել էլ չէր կարելի: Հիմա 82 խոշոր ջրամբարներ ունենք, որտեղ կուտակվում է 1 միլիարդ 400 միլիոն խոր.մետր ջուր: Դա տասնամյակների տքնաջան աշխատանքի արդյունք է, որ կատարվել է ինստիտուտի և Ս Գաբայանի, մյուս նվիրյալների շնորհիվ:

Սկզբում հիմնականում ոռոգման համակարգերն էին կառուցվում, հաջորդ տասնամյակում սկսվել է  ջրամբարաշինությունը, հիմնականում 60-70-ականներին է եղել ոլորտի մեծ զարգացումը։

1961 թվականին ստեղծվում է ՀՍՍՀ վերգետնյա և ստորգետնյա ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պահպանության պետական կոմիտեն, որի նախագահի տեղակալ է նշանակվում  Սարգիս Գաբայանը: Քառասունամյա կայացած մասնագետն իր ամբողջ մասնագիտական ներուժը, հմտությունները, փորձը, եռանդն ու գիտելիքը ներդնում է այն ժամանակներում երկրում նոր սկիզբ առած մոտեցումների կայացմանը Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանության խնդիրը կարևորագույններից էր և նույնքան կարևոր էր նպատակին  ծառայող պետական կառույցի հիմնադրումն ու հանրապետության մակարդակով համակարգի ստեղծումն ու կայացումը։ Ստեղծվում է կառույցն  իր շրջանային մասնաճյուղերով, ջրի որակի վերահսկողության կենտրոնական և շրջանային լաբորատորիաներով։ Երիտասարդ մասնագետներ են վերապատրաստվում, Խորհրդային Միության մակարդակով ներկայացվում են Հայաստանի ջրային ռեսուրսների պահպանության հարցերի կարևորությունն ու հրատապությունը: Եվ այս հետևողական աշխատանքի շնորհիվ են  նաև հետագայում կենտրոնական ֆինանսավորում ստանում Հայաստանի համար կենսական  կարևորության ջրային նախագծերը։  

Սարգիս Գաբայանը քսանհինգ տարի աշխատել է կոմիտեում, որից հետո, կառուցվածքային փոփոխությունների արդյունքում, ստեղծվել է Շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեն / ի դեպ, ԽՍՍՀՄ-ում՝ առաջինը/, որը ներառել է ոչ միայն ջրային, այլև մյուս բնական ռեսուրսների՝ օդի, հողի, բուսական և կենդանական աշխարհի, պահպանության խնդիրները:  

Տասնամյակների անցած ճանապարհից, կենսագրական ժլատ տեղեկություններից այն կողմ Մարդն է՝ հարյուր տարվա մեծությամբ, որի ամբողջ կյանքը ստեղծարար պայքար է եղել նրա ակտիվ մասնակցությամբ համակարգ է ստեղծվել գրեթե զրոյական կետից, որը դարձել է Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և պահպանության գրավականը։

Իսկ խորհրդային ետպատերազմյան տարիներին Հայաստանի տնտեսությունն իսկապես մեծ զարգացում է ունեցել հիմնադրվել են  բազմաթիվ նոր ճյուղեր, թափ է տրվել արդյունաբերությանը, հատկապես քիմիական, զարգացել են մեքենաշինությունը, հանքարդյունաբերությունը, ինչի արդյունքում օրախնդիր էր ջրային ռեսուրսների խելամիտ օգտագործման, արդյունաբերական հոսքերի մաքրման, բնական ջրաղբյուրների աղտոտումը նվազագույնին հասցնելու հրամայականը:

Սարգիս Գաբայանի աշխատանքը բարձր է գնահատվել երկրի ղեկավարության կողմից, նա  կառավարական պարգևների է արժանացել Հայկական ՍՍՀ Գերագույն  Խորհրդի նախագահության  կողմից՝ երկարամյա անբասիր աշխատանքի համար և Շինարարի  օրվա առթիվ, պարգևատրվել  ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատվոգրերով, շնորհակալագրերով։

1972 թ. ստացել է Վաստակավոր ինժեների պատվավոր կոչում ՀՍՍՀ ԳԽ նախագահության կողմից:

Գործընկերների, ժամանակակիցների հիշողության մեջ Սարգիս Գրիգորի Գաբայանը մնացել է նաև իր  մարդկային որակներով արտակարգ բարեհամբույր էր, նվիրված, պարզ ընկեր նաև շատ պահանջկոտ էր, հաղորդակցվող, ուշադիր, միաժամանակ՝ զուսպ։

Դարձ ի շրջանս յուր․․․ Հայաստանի համար այսօր կրկին ծանր ժամանակներ են, թվում է, թե զրոյին մոտ կետից նորից պետություն կառուցելու խնդիր ունենք։ Ըստ էության, զրոն ժխտում է եղած ներուժը, իսկ մենք այն ունենք, ունենք նաև կուտակված փորձ, ոլորտ առ ոլորտ։ Մի մարդու օրինակով կարելի է համոզվել, թե ինչքան  կարևոր է, երբ մասնագետն է զբաղվում ոլորտով՝ զինված գիտելիքով ու նվիրումով, զերծ քաղաքական խաղերից ու խարդավանքներից։ Ի դեպ, Ս․ Գաբայանի  որդին, հարսը և իր անունը կրող թոռը, ընտրել ու շարունակում են ավագ Գաբայանի մասնագիտական  ճանապարհը։

Սարգիս Գրիգորի Գաբայանն ապրել է 91 տարի՝ մեծ կյանք, որի մեծ մասը նվիրում էր երկրին, ընտանիքին ու սիրած գործին։ Իր կյանքի գործին տրվել է անմնացորդ ու  հարյուրամյա հոբելյանին կարելի է վստահ ասել՝ ջուրը մնաց հիշատակող․․․