Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ-ում մաքուր էներգիայի աղբյուրների փոխակերպմանը և Էլեկտրահաղորդման ցանցի արդիականացմանը
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի փոխակերպմանը 40 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորման հատկացումը, որը կաջակցի Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040թ.) իրականացմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակից, ներդրումներն ուղղված կլինեն էլեկտրահաղորդման ենթակայանների վերականգնմանը, բարեփոխումների իրականացմանը, որոնք մասնավոր ֆինանսավորման հնարավորություններ կընձեռեն էլեկտրահաղորդող ընկերությանը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի արդիականացման խթանմանն ու Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի զարգացող տնտեսությունների միջև էներգետիկ համագործակցության կայացմանը:
«Հայաստանի էներգետիկայի ոլորտը մեծապես կախված է ներկրվող վառելիքից, հատկապես բնական գազից, որը էներգետիկ անվտանգության զգալի ռիսկեր է ստեղծում՝ զուգորդված համաշխարհային էներգետիկ ճգնաժամով։ Մասնավոր ներդրումների ներգրավումն էական նշանակություն ունի այս ոլորտում անհրաժեշտ լայնածավալ ծրագրերի ֆինանսավորման համար: 2021 թվականին Հայաստանի էներգիայի ընդհանուր մատակարարման 62 տոկոսը ստացվել է բնական գազից, որին հաջորդում են նավթը (16 տոկոս), ատոմային էներգիան (14 տոկոս) և հիդրոէներգիան (5 տոկոս), մինչդեռ ոչ ավանդական վերականգնվող էներգիայի աղբյուրները (քամին և արևային էներգիան) կազմել են մոտ 1 տոկոս։
«Սպառողների համար մատչելի, հուսալի և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովելու համար Հայաստանին անհրաժեշտ են շարունակական ներդրումներ էլեկտրահաղորդման ցանցի արդիականացման և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի առևտրային կենսունակության բարձրացման համար: Ավելին, մենք ակնկալում ենք, որ այս ծրագիրը կօգնի նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը չափազանց կարևոր է կլիմայի փոփոխությունը մեղմելու համար», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:
Ծրագրի նպատակն է դյուրացնել մինչև 2032 թվականը վերականգնվող էներգիայի արտադրության մոտ 1,1 ԳՎտ հզորության ինտեգրումը հաղորդման ցանց, ինչը բավարար է 690,000 տնային տնտեսությունների էլեկտրասնուցման համար: Սա կնվազեցնի նաև ջերմոցային գազերի (ՋԳ) տարեկան զուտ արտանետումները 540 հազար տոննայով: Բացի այդ, այն նախատեսում է ներգրավել 550 միլիոն ԱՄՆ դոլար գումարի մասնավոր ներդրումներ, արդիականացնել բոլոր փոխանցման ենթակայանները՝ օգտագործելով ավտոմատ կառավարման համակարգեր և թվային պաշտպանություն, և ավելացնել փոխանցման ենթակայանների ընդհանուր հզորությունը 2711 մեգավոլտ-ամպերից (Մվա) մինչև 3109 Մվա: Այս ջանքերը ներկայացնում են համապարփակ ռազմավարություն՝ ընդլայնելու վերականգնվող էներգիայի տեղակայումը, նվազագույնի հասցնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունները և արդիականացնելու էլեկտրացանցը՝ բարելավելով արդյունավետությունն ու հուսալիությունը»,- ասցում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ծրագիրը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում (ԵԿԱ) վերականգնվող էներգիայի ընդլայնման 2.0 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք բազմափուլ ծրագրի մի մասն է (ECARES MPA), որը հաստատվել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից 2024 թվականի մարտի 28-ին: Այս տարածաշրջանային մեծ ծրագրի նպատակն է աջակցել ԵԿԱ տարածաշրջանի մասնակից երկրների վերականգնվող էներգիայի անցման արագացմանը և մասշտաբի և ազդեցության հասնելու մասնավոր ներդրումների միջոցով, միաժամանակ խթանել տարածաշրջանային գիտելիքի փոխանակումը տվյալ ոլորտում: