Շուրջ 11 մլն դրամ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման համար

Շուրջ 11 մլն դրամ՝ տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է պատվիրակման միջոցով սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցել տեսողության խնդիրներ ունեցող անձանց։ 

Այս նպատակով 2022 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 11 մլն դրամ։

Ծրագրի շրջանակում, մասնավորապես՝ իրականացվում են՝

  • պարապմունքներ (հատուկ մանկավարժի ներգրավմամբ)՝ ուղղված շահառուների մանր և խոշոր մոտորիկայի, լսողական ընկալման, զգայարանների արդյունավետ օգտագործման և այլ հմտությունների զարգացմանը,
  • սպիտակ ձեռնափայտի միջոցով տեղաշարժման ուսուցում,
  • ինքնուրույն և անվտանգ տեղաշարժվելուն ուղղված միջոցառումներ,
  • համակարգչային հատուկ ծրագրերի ուսուցում,
  • սեմինար-հանդիպումներ՝ շահառուների ընտանիքի անդամների հետ և այլն։

Երևանում անհրաժեշտ ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացվում է «Լիարժեք կյանք», իսկ Արմավիրի մարզում՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունների միջոցով։

Ծառայություններից օգտվելու նպատակով՝ տեսողության խնդիրներ ունեցող մինչև 18 տարեկան անձինք կարող են դիմել վերոնշյալ կազմակերպություններից որևէ մեկը («Լիարժեք կյանք» ՀԿ, հասցե՝ ք․ Երևան, Բաղյան 2, հեռ․՝ 060 75 51 55, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, հասցե՝ ք․ Արմավիր, Շահումյան 68ա, հեռ․՝ 0237 2 30 34), իսկ 18 տարեկանից բարձր քաղաքացիները՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ուղեգիր ստանալու համար):