Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2023 թ. պետական բյուջեի կատարողականը

Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2023 թ. պետական բյուջեի կատարողականը

2023 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտում իրականացրել է 6 ծրագիր՝ 36 միջոցառմամբ: Պլանավորված ցուցանիշը կազմել է 38 մլրդ 114 մլն դրամ, փաստացին՝ 41 մլրդ 585 մլն դրամ: Կատարողականը կազմել է 98.9 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 5-ի համատեղ նիստում:

Փոխնախարարն անդրադարձել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը՝ ըստ ոլորտների ֆինանսական ցուցանիշների: Նրա խոսքով նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտում ծախսերն աճել են 10.6 տոկոսով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հաջորդիվ նշել է, որ 2023 թվականին գյուղատնտեսության ոլորտի ծրագրերն իրականացվել են տարբեր ուղղություններով: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության վերաբերյալ ծրագրի հաստատված բյուջեն կազմել է 633 մլն դրամ, սակայն ծախսվել է մոտ 810 մլն դրամ: Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով 2023 թվականին Կառավարության ծրագրով նախատեսվել էր 500 միավոր գյուղտեխնիկա ձեռք բերել, սակայն ձեռք է բերվել 719-ը: Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրերը շարունակական են:

Իրականացվել է նաեւ ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության վերաբերյալ ծրագիրը, որի բյուջեն կազմել է 3.5 մլրդ դրամ. ձեռք է բերվել 495 միավոր սարքավորում:

Գեւորգ Պապոյանը նշել է, որ 8.5 մլրդ դրամ է հատկացվել գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը:

Գյուղացիների բեռը թեթեւացնելու նպատակով իրականացվել են նաեւ այլ միջոցառումներ:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ջրային ոլորտում իրականացրել է 7 ծրագիր՝ 41 միջոցառմամբ: Տարեկան պլանային ցուցանիշները կազմել են 46 մլրդ 62 մլն դրամ, ճշտված պլանը՝ 36 մլրդ 836 մլն դրամ, փաստացի կատարողականը՝ 36 մլրդ 200 մլն դրամ կամ 98.3 տոկոս: Ըստ նրա՝ նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 24.4 տոկոսով: Փոխնախարարը նշել է, որ իրականացվել են տարածքային եւ քաղաքային զարգացմանն ուղղված ծրագրեր: Երեւանի քաղաքապետարանին եւ համայնքներին ընդհանուր առմամբ հատկացվել է 152 մլրդ 37 մլն դրամ:

Նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախորդ տարի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տարածքային կառավարման ոլորտում իրականացրել է 64 միջոցառում: Նախատեսված է եղել օգտագործել 139 մլրդ դրամ, սակայն օգտագործվել է 137 մլրդ 900 մլն դրամ, կատարողականը կազմել է 98?9 տոկոս: Նշված միջոցառումներից ամենամեծը եղել է տարածքային զարգացման վերաբերյալ ծրագիրը, որն ընդգրկում է նաեւ ՏԻՄ-երին հատկացված դոտացիաները: Այստեղ բյուջետային հատկացումները կազմել են 69 մլրդ 754 մլն դրամ, որը, ըստ նախարարի, գնալով աճում է:

Նախարարի խոսքով ընթացիկ տարում այս նպատակով հատկացվել է 85 մլրդ դրամ, որն ավելի է 22 տոկոսով:

Մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հաշվետու տարում հատկացվել է 30 մլրդ 270 մլն դրամ, իրականացվել է 359 սուբվենցիոն ծրագիր, կատարողականը կազմել է 98.2 տոկոս: «Եթե հաշվենք համայնքների հետ միասին իրականացվածը, ապա 57.6 մլրդ դրամ են կազմել սուբվենցիոն ծրագրերը»,- ասել է նա:

Նախարարի տեղեկացմամբ «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրի իրականացման նպատակով էլ օգտագործվել է 1 մլրդ դրամ. այս ծրագրում ընդգրկված է եղել 82 բնակավայր:

Գնել Սանոսյանը ներկայացրել է նաեւ իրականացված մյուս աշխատանքները:

Երեւան քաղաքի 2023 թվականի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ըստ նրա՝ 2023 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 114,8 մլրդ դրամ: Պետական բյուջեից հատկացումները փաստացի կազմել են 63,6 մլրդ դրամ, որը մոտ 4.8 տոկոս պլանավորածից պակաս է եղել: Քաղաքապետի խոսքով բյուջեի ծախսային մասի կարարողականը կազմել է 111.1 մլրդ դրամ կամ 90 տոկոսից մի փոքր ավելի:

Քաղաքապետարանի կողմից նորոգվել եւ հիմնանորոգվել է շուրջ 180 բակային տարածք: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 29 մանկապարտեզներում կատարվել են կապիտալ բնույթի աշխատանքներ: 39 հասցեներում իրականացվել են կոյուղատար համակարգերի արդիականացման աշխատանքներ, փոխարինվել է 510 վերելակ: Իրականացվել է վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիր: Քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 150 ավտոբուս եւ 15 տրոլեյբուս: Վերակառուցվել է տրանսպորտային համակարգի կառավարման կենտրոնը, հիմնանորոգվել է առողջապահական 5 օբյեկտ: