Սպառնու՞մ է Հայաստանին բյուջեի սեկվեստր․ ո՞վ կամ ի՞նչը կասեցրեց հարկահավաքության «թռիչքը»

Սպառնու՞մ է Հայաստանին բյուջեի սեկվեստր․ ո՞վ կամ ի՞նչը կասեցրեց հարկահավաքության «թռիչքը»

«2024 թ-ի համար նախատեսված ՀՀ հարկային հավաքագրումները որոշակի առումով թերակատարվում են»․ Ֆինանսների նախարարի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի այս հայտարարությունը սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ։ Ի՞նչն է թերհավաքագրման պատճառը և կբերի՞ դա անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին սեկվեստրի։ Այս հարցերի պատասխանի փնտրտմամբ ՏԼԱ-ն դիմել է ՊԵԿ նախկին նախագահ, տնտեսագետ Դավիթ Անանյանին, ACSES Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանին և ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Վարդան Արամյանին։

Այն, որ այս պահի դրությամբ առկա են խնդիրներ հարկային եկամուտների հավաքագրման առումով, ԱԺ-ում 2023-ի բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ընթացքում հայտարարել էին  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Մի շարք տնտեսական ցուցանիշների պատճառով, այն ծրագրերը, որոնք մենք ունեցել ենք հարկային հավաքագրումների համար, որոշակի առումով թերակատարվում են, ինչի հետ կապված պետք է հստակեցումներ մտցնենք», - ասել էր ֆիննախի ղեկավարը։ ՊԵԿ նախագահը, իր հերթին, չհստակեցնելով թերհավաքագրման չափը, նշել էր, որ խնդիրը պայմանավորված է տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխություններով, որոնք նպաստել են հարկային ներուժ չունեցող ոլորտների շեշտակի աճին։ Օրինակ՝ շինարարության ոլորտն աճել, իր պիկին է հասել 2022-2023 թթ, սակայն հարկման առումով այն հետաքրքիր կդառնա միայն բնակարանների վաճառքից հետո։ Ամեն դեպքում, հավելել է բյուջեի պլանավորման համար պատասխանատու մարմնի ղեկավարը, այսօր ֆիննախը տեսնում է շուրջ 60 մլրդ դրամ պակաս հավաքագրելու ռիսկ։ Ըստ այդմ, նախարարը չի կարծում, որ շեղումը կլինի 3-4 %-ից բարձր, ինչը նորմայի սահմաններում է։ «Եթե հանկարծ կարիք լինի որևէ ծախս կրճատել՝ հարկերի հավաքման հետ կապված խնդիրների լուծման համար, դա էլ կարող ենք անել», - եզրափակել է գլխավոր ֆինանսիստը:

Ինչպես հայտնում են ՏԼԱ-ին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, 2024 թ-ի հունվար-մայիս ամիսներին պետբյուջեի հարկային մուտքերը (հարկեր/տուրքեր) կազմել են 984․1 մլրդ դրամ, 2023-ի 912․2 մլրդ-ի փոխարեն։ Լա՞վ է դա, թե ոչ հարկային սպասելիքների տեսանկյունից - հարկային մարմինը դատողություններ կանի միայն կիսամյակի արդյունքներով, քանի որ գործադիրի որոշմամբ՝ հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով ծրագրային բյուջետային եկամուտները սահմանված են եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա և տարվա համար։

Այնուամենայնիվ,  ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից  երևում  է, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ «հարկատեսակի հսկայի»՝ ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով, որոնք 2024 թ․ հունվար-ապրիլ ամիսներին ապահովել են բյուջետային մուտքերի 30,5%, կա անկումհամապատասխանաբար՝  3.54% և 9.04%-ով։ 2023-ին նրանք ապահովել էին մուտքերի 35%-ը։ Հաշվետու շրջանում ՀՀ պետբյուջե են մուտքագրվել շուրջ 828.8 մլրդ դրամ հարկեր/տուրքեր կամ առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշի 63.5%-ը (1տրլն 304․9մլրդ ճշտված պլանով)։

Այս տարվա առաջին 3-4 ամիսները եկան փաստելու այն պարզ ճշմարտությունը, որ ոչ արտահանելի ոլորտների հաշվին աճող տնտեսությունը «կաղում» է որակի տեսանկյունից, և, հետևաբար, ի զորու չէ գեներացնել նման մեծության հարկեր, նկատում է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նախկին գլխավոր հարկահավաքը պարզաբանում է՝ բյուջետային գործընթացի շրջանակներում բյուջեի պլանավորման մեխանիզմը հետևյալն էնախ նախանշվում է ՀՆԱ-ն, օրինակ 2024 թ-ի համար ՀՀ այն կանխատեսվել է 10 տրլն 516 մլրդ դրամ (7% տնտեսական աճի պայմաններում), դրա հիման վրա պլանավորվում են հարկեր/ՀՆԱ ցուցանիշը՝ մեր դեպքում 24,9%, որը բացարձակ թվերի տեսքով կազմում է 2 տրլն 613 մլրդ դրամ (Ըստ ՊԵԿ-ի ղեկավարի, 2023-ի հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 23,9%, ըստ ֆիննախի՝  23,4% է, խմբ)։

Ավանդույթը՝ ավանդույթ, բայց, ինչպես նշում է փորձագետը, 2024-ի դեպքում ֆիննախը, որպես պլանավորման պատասխանատու մարմին, պետք մի քանի գործոնի հետ հաշվի նստեր։ Նախ, 2 տրլն 613 մլրդ աննախադեպ բարձր ցուցանիշ է․ առաջին հերթին այն առումով, որ 2023-ի հարկահավաքության փաստացի կատարողականը 2 տրլն 221,7 մլրդ դրամի չափով, ճշտված ծրագրի համեմատ 3 մլրդ դրամով պակաս է եղել, կամ այդքանով թերակատարվել է։ Ապահովված թիվն էլ հնարավոր էր դարձել միայն մեծ ճիգերի արդյունքում, քանի որ ՀՀ տնտեսությունը չունի նման ռեսուրս։

 ՊԵԿ նախկին ղեկավարը համաձայն է գործող գլխավոր հարկահավաքի այն պնդման հետ, որ ներկա թերհավաքագրումը պայմանավորված է տնտեսության կառուցվածքի փոփոխություններով, որոնք նպաստել են հարկային ներուժ չունեցող ոլորտների կտրուկ աճին։ Միևնույն ժամանակ, պնդում է Անանյանը, այդ խնդիրները նոր չեն, և ունեն 2-3 տարվա վաղեմություն։ «Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ՀՆԱ-ն աճում է առևտրի, ծառայությունների և շինարարության, ասել է թե՝ ոչ արտահանելի հատվածի հաշվին, որտեղ հարկունակությունն անսահման չէ։ Միևնույն ժամանակ, մեր գնահատմամբ, հարկային ստվերն էլ այդքան մեծ չէ, այն վերջին 4-5 տարիների ընթացքում բավականին կառավարելի է դարձել», - ընդգծում է Անանյանը։

Բացի դա, ֆինանսական իշխանությունները «խիզախել» են և առաջին անգամ 2024-ի հարկային եկամուտների մեջ ներառել նաև հիփոթեքի վարկերի գծով եկամուտների վերադարձի թիվը՝ 72-75 մլրդ դրամի չափով այն և եկամտային մասում է, և ծախսային։ Մինչդեռ նախկինում, եթե հավաքագրվել էր, ասենք, 100 մլրդ դրամ հարկ և վերադարձվել 30 մլրդ-ը, հարկային եկամուտ ճանաչվել է զուտ հիմքով – 70 մլրդ-ը։ Այս «նորարարությունը»՝ լինելով սա հարկային ծախս և ոչ թե բյուջետային, Անանյանը սխալ է համարում նաև մեթադաբանական առումով։ «Այս ամենն արվել է եկամուտների ծրագրային ցուցանիշն ուռճացնելու նպատակով», - վստահ է Դավիթ Անանյանը։

Այսպիսով,  ՀՀ ֆիննախը 2024-ին 2023 թ-ի համեմատ 300 մլրդ դրամ ավել հարկ է պլանավորվել հավաքել այն պայմաններում, երբ տնտեսությունը կառուցվածքային փոփոխությունների չի ենթարկվել։ Ավելին, 2024-ի առաջին եռամսյակի ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին անգամ դոմինանտ է ոչ թե «առևտուր-ծառայություններ-շինարարություն եռյակը», այլ արդյունաբերության մեջ վերամշակող արդյունաբերությունը և ապա՝ ոսկերչությունը։ «Մենք գիտենք, որ ոսկերչական ապրանքները, որոնք մտնում են ՀՀ և ապա վերաարտահանվում, չնայած մեծ ծավալներին, համապատասխան հարկեր չեն գեներացնում օրինակ, հունվար-փետրվար ամիսներին այս դասի մեջ մտնող ապրանքների ներմուծման-արտահանման ծավալը կազմել է մոտ 580 մլն ԱՄՆ դոլար, որից ներմուծման արժեքը կազմել է 509 մլն ԱՄՆ դոլար։ Այսինքն` ոլորտը զուտ մոտ 70 մլն-ով  է ավելացրել ՀՆԱ-ն», - ընդգծում է տնտեսագետը։

Ամեն դեպքում, ըստ Անանյանի, հնարավոր խնդիրները կանխատեսելի են եղել բյուջեն պլանավորելիս և ֆիննախը պետք է ՀՆԱ-ի հարկունակության վերլուծություն կատարեր, այլ ոչ թե գնար վերջին 15-20 տարիներին որդեգրած ուղով։ «Այս վիճակը արդյունք է հարկային մարմնի և ֆիննախի հաղորդակից չլինելու և մասնագիտական երկխոսության բացակայության, պոպուլիզմին տրվելու վտանգների հետ հաշվի չնստելու», - եզրափակում է ՊԵԿ նախկին ղեկավարը։

 «Այսօրվա տնտեսությունն այն չէ, որ կար 2022-2023թթ», իր հերթին նշում է ACSES Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը։ Հետևաբար, այն ավանդական էկոնոմետրիկ մոդելները, որոնցով ավանդաբար առաջնորդվել են ֆինանսական իշխանությունները, սկսել են շեղումներ տալ բյուջեում նախանշված ցուցանիշի ապահովման գործընթացում։

Ըստ փորձագետի, հստակ էր, որ շինարարության ոլորտը 2024-ին «աչքի չի ընկնելու» հարկունակության տեսանկյունից, ինչպես նաև այն, որ 2024-ի հարկային սպասելիքների տողից պետք է հանվեր նաև ներմուծվող ապրանքների, հատկապես ավտոմեքենաների առևտրի ոլորտից եկող հարկերը։ Ֆանյանը հիշեցնում է, որ նախորդ տարի ավտոմեքենաների վերաարտահանումը ԵԱՏՄ երկրներ և ՌԴ բավականին լուրջ հարկային մուտքեր ապահովեց ՀՀ պետական գանձարանին: Արդյունքում՝ հունվար-օգոստոսի ցուցանիշների համաձայն, հարկային մուտքերը, նույնիսկ ԱԱՀ վերադարձից հետո, կազմեցին մոտ 75 մլրդ դրամ (ըստ ՊԵԿ-ի, 2022 թ-ին ներմուծվել է շուրջ 46 հազար թեթև մարդատար տրանսպորտային ավտոմեքենա, իսկ 2023-ին՝ շուրջ 84 հազար,  աճ շուրջ 83%-ով, խմբ)։ Բայց 2023-ի օգոստոսի 1-ից և ապա սեպտեմբերի 26-ից Վրաստանը սահմանափակումներ մտցրեց ԱՄՆ-ից և հետո Եվրոպայից ներկրվող մեքենաների արտահանման/վերաարտահանման վրա։ Բացի դա, 2023 թ-ին օգոստոսին և հոկտեմբերին Ռուսաստանը մի քանի անգամ շատ ուտիլիզացիոն վճար սահմանեց ՌԴ ներմուծվող մեքենաների մասով։

 «Արդյունքում, դեռ անցած տարի պարզ էր, որ այս տարի նման հոսքեր չեն լինելու», - նշում է տնտեսագետը։ Այսպես, 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջե մուտքագրված ԱԱՀ-ն (ներմուծումից) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1542 մլրդ դրամից նվազել է մինչև 113,7 մլրդ դրամ։ «Վստահ եմ, որ ֆիննախի սպասելիքները ԱԱՀ-ի մասով ավելին էին և իրենք ավտոմեքենաների ներմուծման էֆեկտը հաշվի չէին առել», - ավելացնում է Ֆանյանը։

Ամեն դեպքում, տնտեսագետի կարծիքով, նախարար Վահե Հովհաննիսյանի նշած 60 մլրդ դրամ հավանական թերհավաքագրումը, լինի դա վերաբերելի թե կիսամյակին, թե ամբողջ տարվան, չի կարող բերել բյուջեի սեկվեստրի։ Փորձագետը հակված է այն վարկածին, որ շեղումը կլինի ոչ թե ֆիննախի ղեկավարի նշած 3-4%-ի շրջանակներում, այլ 6-7%-ի՝ տարեկան կտրվածքով։ «Այլ հավասար պայմաններում, սեկվեստրի հավանականությունը հնարավոր կհամարեի, եթե չլիներ Տավուշի և Լոռու աղետը։ Ըստ էության, ՀՀ կառավարությունը չի գնա սեկվեստրի, այլ այդ միջոցները կուղղի այլ ոլորտներ։ Այդ համատեքստում կարծում եմ առայժմ կհետաձգվի Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրումը, որը պլանավորված էր հուլիսից»,-եզրափակում է ACSES վերլուծական կենտրոն տնօրենը՝ նաև համոզմունք հայտնելով, որ ապահովագրությունը, ամեն դեպքում, չի ներդրվի առաջարկվող մոդելով։

Ի դեպ, դեռ անցած տարի նոյեմբերին հարկային թերհայտարարագրման հնարավոր վտանգի մասին հայտարարել էր հանրային ֆինանսների կառավարման փորձագետ Վարդան Արամյանը։ Նրա կարծիքով, խիստ ռիսկային էր գնալ 2023թ-ի շուրջ 1 տոկոսային կետ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավման ֆոնին հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ևս 0,8 տ կ աճի ծրագրմանը 2024թ-ի համար։ Նախ 2023թ-ի հարկեր/ՀՆԱ ցուցանիշի բարելավումն էապես կապված էր այդ տարվան նախորդող՝ 2022թ-ի տնտեսական զարգացումների արդյունքում, հատկապես՝ ֆինանսաբանկային հատվածում աննախդեպ շահույթների ձևավորման և դրանից վճարվող շահութահարկի վճարումների հետ։ Իսկ այդ գործոնի ազդեցությունը համեմատաբար թույլ է 2024թ-ի  համար։ Երկրորդ՝ մեր երկրի տնտեսական աճի կառուցվածքում գերակա է ոչ արտահանելի հատվածի աճը, որը համեմատաբար ավելի քիչ հարկունակ է։ Ընդ որում, եթե 2022թ-ին արտահանելի հատվածը, և հատկապես արդյունաբերությունը աճեցին 6,9%, ապա 2023-ին ընդհանրապես աճ չգրանցեց, ինչը սպասելի էր։ Երրորդ՝ տնտեսական աճի կառուցվածքն էլ ինքնին վտանգավոր է և անկայուն, քանի որ լիարժեք կապված է արտածին գործոնների՝ ռուս-ուկրաինական հակամարտության հետ։  Աշխարհաքաղաքական խաղաքարտերի այլ դասավորվածության պարագայում այն կարող է պահի տակ թուլացնել իր դրական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա և նույնիսկ չեզոքանալ՝ հանգեցնելով տնտեսական ակտիվության զգալի կորստի։ Չորրորդ՝ հարկային օրենսդրության մեջ չկան այն փոփոխությունները, որոնք կօգնեն հարկային մարմնին այլ հավասար պայմաններում ավել հարկ հավաքել։ Թերևս, դրական ազդեցություն կարող է ունենալ եկամտային հարկի հայտարարագրման նոր մեխանիզմի ներդրումը, բայց դրա ազդեցությունն էլ սահմանափակ է, քանի որ ներդրվում է փուլային եղանակով։

Այս պահի դրությամբ, Արամյանը սեկվեստր անելու հիմքեր չի տեսնում։ Եթե իհարկե, գոյություն ունեցող ռիսկերն՝ օրինակ, կապված աշխարհաքաղաքական զարգացումների և ՌԴ տնտեսության գործոնի մեզ վրա թողած դրական ազդեցության հետ, ապագայում չնյութականան, հավելում է նա։ Այնուամենայնիվ, տնտեսական քաղաքականության և բյուջեի համատեքստում ռիսկերը գնալով մեծանում են տնտեսական աճի այս կառուցվածքը, որքան շատ է ձգվում, այսինքն` աճն ապահովվում է հիմնականում ոչ արտահանելի հատվածի հաշվին, այնքան «ջարդվում» է տնտեսության ողնաշարը՝ ի դեմս արտահանելի հատվածի, - եզրափակում է Վարդան Արամյանը։