Բնակչության ռեգիստրի նոր համակարգի ներդրման մասով կառաջանա պետբյուջեի ծախսային ուղղությունների փոփոխման կարիք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք օրենքներում՝ «Բնակչության ռեգիստրի մասին», «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Պաշտպանության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին»:
Ներկայում բնակչության ռեգիստրում տվյալների հավաքագրումն իրականացվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի հիման վրա։ Այն ընդունվել է 2002 թվականին և ռեգիստրի արդիականացմանն ուղղված փոփոխություններ չեն կատարվել։ Նշվում է, որ բնակչության պետական ռեգիստրը (ԲՊՌ) կազմակերպչական առումով գործում է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) տրվում է ԲՊՌ կողմից, ծննդյան ամսաթիվը պահվում է ԲՊՌ-ում, անձի ՀԾՀ-ը պարունակում է ծննդյան ամսաթիվը և սեռը, ՀԾՀ-ն ստեղծվում է ծննդյան գրանցման պահին, ԲՊՌ-ն գրանցում է ծնունդը արդարադատության նախարարությունից ստացված տվյալների հիման վրա, որը տնօրինում է ծննդի գրանցման գործընթացների հետ կապված տվյալների բազան, նորածինների մասին տեղեկատվությունն առաջինը գրանցում է արդարադատության նախարարությունը, անձի անունը արդարադատության նախարարության միջոցով գրանցվում է մնացած բոլոր տվյալների հետ մեկտեղ։
Այսինքն, բնակչության ռեգիստրը հանդիսանում է բնակչության ռեգիստրում գրանցման ենթակա տեղեկատվության հավաքագրման երկրորդային օղակ, ինչը հանգեցնում է ռեգիստրում այլ տեղեկատվական համակարգերից մուտքագրվող տվյալների թերի լրացման, համակարգի լեզուների անհամապատասխանության, ուստի և ոչ հստակ տեղեկատվության հավաքագրման։ Բացի դրանից, առկա են նաև մի շարք խնդիրներ տեղեկատվական այլ համակարգերի հետ փոխգործելիության, տեղեկատվության արդիականացման հետ կապված։
Աղբյուրը՝ shabat.am