ԿԲ նախագահը դժվարացավ գնահատել ջրհեղեղի հետևանքների ազդեցությունը Հայաստանի տնտեսական համակարգի վրա

ԿԲ նախագահը դժվարացավ գնահատել ջրհեղեղի հետևանքների ազդեցությունը Հայաստանի տնտեսական համակարգի վրա

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 11-ի ասուլիսում դժվարացավ գնահատել երկրի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետևանքների ազդեցությունը պետության ֆինանսական համակարգի վրա, սակայն նշեց, որ այդ առնչությամբ կառավարության ծախսերի ավելացումը կարող է փոխել առկա պատկերը:

«Ճիշտն ասած՝ այսօր առավոտյան զրուցել ենք ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ, որպեսզի հասկանանք՝ կա՞ մոտավոր հաշվարկ աղետի ծավալների և ֆինանսական ազդեցության վերաբերյալ: Կառավարության գործընկերները դեռ չունեն վերջնական թվեր, որպեսզի կարողանանք ճշգրիտ գնահատել ծավալները, նաև հասկանալ, թե պետական ֆինանսների առումով ինչպիսին է լինելու արձագանքը աղետի հետևանքներին: Ակնհայտ է միայն, որ աղետի ծավալները բավականին մեծ են: Կառավարության կողմից ծախսերի ավելացման արդյունքում ակնկալում ենք, որ կարող է լրացուցիչ խթաններ լինեն ու հարկաբյուջետային ազդակը տեղափոխվի դրական գոտի: Վնասվել է ճանապարհի 53 հատված և 20-ից ավելի կամուրջ: Չհաշված՝ ֆիզիկական անձանց տներին և տնային տնտեսություններին հասցված վնասը», - նշեց Մարտին Գալստյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԲ նախագահը նշեց, որ քննարկումների արդյունքում պետք է հասկացվի նաև, թե ինչպիսի լուծում է տրվելու վարկառու հանդիսացող տուժած քաղաքացիների և իրավաբանական անձանց խնդրին: «Գուցե, նաև բանկերը մասնակցեն: Քննարկելու շատ բան կա, ուղղակի որոշակիության դաշտը պիտի մի քիչ ավելի մեծ լինի, որպեսզի որոշումներն ավելի առարկայական լինեն»,- ասաց նա: