2024 թվականի հունվար-մայիսին Հայաստանի տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ

2024 թվականի հունվար-մայիսին Հայաստանի տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ

Արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում այս տարվա առաջին հինգ ամիսներին պետության աջակցությամբ Հայաստան են ներկրվել շուրջ 42.5 մլրդ դրամի կամ ավելի քան 100 մլն դոլարի նորագույն մեքենասարքավորումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում հրավիրած ասուլիսում նման թվեր հնչեցրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը: 2023 թվականին ծրագրի պորտֆելը կազմել է 208 մլրդ դրամ, իսկ այս տարվա մայիսի 1-ի դրությամբ գերազանցել է 251 մլրդ դրամը: Այսինքն, տարեսկզբից մինչև մայիսի 1-ը ՀՀ արտադրական կազմակերպությունները մեր աջակցությամբ ձեռք են բերել 42.5 մլրդ դրամի կամ ավելի քան 100 մլն դոլարի 1000-ից ավելի նորագույն մեքենասարքավորումներ: Սա կարևոր է, որովհետև մեր տնտեսության զարգացման էքստենսիվ աճի հնարավորությունները շատ սահմանափակ են, և պետք է ուշադրություն դարձնենք նրա ինտենսիվացմանը: Այստեղ շատ կարևոր է արտադրողականության բարձրացումը: Եթե 2022 թվականին այն մեզանում կազմել է ժամում 8 դոլարից քիչ ավելի, ապա այժմ գրեթե 9.5 դոլար է: 2026 թվականին նպատակադրվել ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 12 դոլարի, ինչը դժվար է, բայց նաև նման գործիքների միջոցով՝ հասանելի», - նշեց նախարարը: 

Նա հայտնեց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը վերաբերող մեկ այլ ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի տնտեսություն է ներգրավվել 474 բարձր որակավորում ունեցող մասնագետ, այդ թվում՝ արտասահմանից:  

Գևորգ Պապոյանը կարևորեց նաև այս ընթացքում մշակված ոլորտային օրենսդրական նախաձեռնությունները և ակտիվ համագործակցությունը մասնավոր սեկտորի հետ: