1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթով գործարք Հայաստանի ֆոնդային բորսայում

1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթով գործարք Հայաստանի ֆոնդային բորսայում

Հունիսի 13-ին Հայաստանի ֆոնդային բորսայի արտարժույթի հարթակում առաջին անգամ` գրեթե 10 տարի անց, տեղի է ունեցել 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի արտարժույթի փոխարկում:

Ըստ ֆոնդային բորսայի տեղեկատվության՝ արտարժույթի հարթակը գործարկվել է սույն թվականի մայիսի 2-ից և հնարավորություն է տալիս ավելի տեսանելի և շուկայական դարձնել դրամի արժեքը արտարժույթի նկատմամբ։ Հարթակում գործարքները իրականացվում են բացառապես նախնական դեպոնացման տարբերակով և անանուն՝ ապահովելով արժութային ռիսկի կառավարումը:

Հարթակի գործարկումից հետո ՀՖԲ-ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հանդիպում է ունեցել հայկական բանկերի և ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ, պատմել հարթակի հետ կապված հեռանկարների և տեխնիկական հնարավորությունների մասին:

Ինչպես գիտենք, արտարժույթի շուկան վճռորոշ դեր է խաղում փողի շուկայում՝ հեշտացնելով միջազգային գործարքները և ներդրումները, ազդելով դրամավարկային քաղաքականության վրա և ապահովելով արժութային ռիսկի կառավարման մեխանիզմ: Արտարժույթի շուկայի ակտիվությունը հանգեցնում է բիզնեսի զարգացմանը պետության սահմաններում և նրանից դուրս։ Այն գործիք է կայունացնելու պետության դրամավարկային քաղաքականությունը և կառավարելու արտարժութային ռիսկը` հաստատուն պահելով սեփական արժույթը։

Արտարժույթի շուկայի կարևոր դերերից մեկը իրացվելիության և գնի բացահայտման ապահովումն է։ Եթե արտարժույթի շուկան բարձր իրացվելի է և արժույթի գները արտացոլում են իրական ժամանակում առաջարկի և պահանջարկի պայմանները, ապա այն օգնում է բիզնեսին և ներդրողներին տեղեկացված որոշումներ կայացնել՝ հիմնվելով արժույթի ճշգրիտ գնահատումների վրա։

Նշենք, որ արտարժույթով վերջին գործարքը Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի էր ունեցել 2016 թվականին:

Արտարժույթի շուկայի գործարքները կարող եք դիտել այստեղ։