Չինաստանը 2023-ին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքով գերազանցել է ԱՄՆ-ին. Առաջատարը Ճապոնիան է

Չինաստանը 2023-ին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքով գերազանցել է ԱՄՆ-ին. Առաջատարը Ճապոնիան է

Չինական ավտոարտադրողները 2023-ին ավտոմեքենաների տարեկան համաշխարհային վաճառքով առաջին անգամ առաջ են անցել ամերիկյան մրցակիցներից՝ շնորհիվ նոր շուկաների ընդլայնման: Այս մասին, B24-ի փոխանցմամբ, հայտնում է բրիտանական JATO Dynamics ընկերությունը՝ մասնագիտացած ավտոշուկայի տվյալների վերլուծության մեջ:

Անցյալ տարի չինական ապրանքանիշերը վաճառել են 13.4 միլիոն նոր մեքենա ամբողջ աշխարհում (2022-ի համեմատ 23%-ով ավելի), մինչդեռ ամերիկյան ապրանքանիշերը վաճառել են 11.9 միլիոն (2022-ի համեմատ 9%-ով ավելի):

Նշվում է, որ Չինաստանից ավտոարտադրողները զգալիորեն մեծացրել են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրներում: Եվրոպան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և Իսրայելը նույնպես նկատում են չինական մեքենաների պահանջարկի աճ:

Այնուամենայնիվ, աշխարհում ավտոմեքենաների վաճառքի առաջատարը շարունակում է մնալ Ճապոնիան: Ճապոնական ավտոարտադրողները 2023-ին վաճառել են 23.6 միլիոն մեքենա: Միևնույն ժամանակ, 2023 թվականին ամենավաճառվող մեքենան Tesla Model Y-ն է, որից վաճառվել է 1.2 միլիոն միավոր, ինչը 64%-ով ավելի է 2022-ի համանման ցուցանիշից: