Աղասի Թավադյան. Սահմանից այն կողմ․ Հայաստանի տուրիստական աճը և հնարավոր անկումը

Աղասի Թավադյան. Սահմանից այն կողմ․ Հայաստանի տուրիստական աճը և հնարավոր անկումը

Ներկայացնում ենք տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծական նյութը զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ։

2021 թվականից ի վեր գրանցված տնտեսական աճի հիմքում է նաև զբոսաշրջության զգալի աճը: Առաջին գծապատկերում պատկերված է Հայաստան զբոսաշրջիկների ժամանումների և մեկնումների դինամիկան` տարեկան կտրվածքով: Մինչև 2021թ. ժամանող և մեկնող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար էր: Նույնքան զբոսաշրջիկ էր գալիս Հայաստան, որքան մեկնում էր: Առկա էր զբոսաշրջիկների հոսքի տարեկան միջինը 12 տոկոս կայուն աճ: Առկա է նաև զբոսաշրջիկների որոշակի սեզոնայնություն` ամռան ամիսներին մոտ 2 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է այցելում, քան ձմռան ամիսներին:

Գծապատկեր 1.

download.png (256 KB)

Ինչպես ցույց է տվել մեր նախորդ հետազոտությունը, երկուսուկես տարի վերականգնողական և կտրուկ աճից հետո՝ 2023-ի 4-րդ եռամսյակից գրեթե բոլոր ծառայությունների արտահանումը և ներմուծումը կրճատվել են։ 2023 թվականի չորրորդ եռամսյակի հարաբերակցությունը երրորդ եռամսյակին ցույց է տալիս, որ տուրիստական կամ ճանապարհորդական ծառայությունները կրճատվել են գրեթե 2 անգամ՝ 42.6 տոկոսով, չնայած որ տարեկան կտրվածքով տուրիստական ծառայությունների արտահանումը աճել է 23.3 տոկոսով՝ հասնելով 3 մլրդ դոլարի։ Այսինքն` տուրիստները 2023-ին Հայաստանում գնել են 3 մլրդ դոլարի տուրիստական ծառայություններ։ 2023-ի աճը հիմնականում ձևավորվել էր առաջին 3 եռամսյակների շարունակական աճի հաշվին։ Նշենք նաև, որ 2022 թվականին ծառայությունների արտահանումը աճել է ավելի քան 3 անգամ՝ հիմնականում ի հաշվի հետհամաճարակային վերականգնման աճի, ռուսական տուրիստների և ռելոկատների մեծ քանակությամբ ավելացմամբ։

Առաջին գծապատկերը ցույց է տալիս նաև համավարակի ազդեցությունը զբոսաշրջության հոսքի վրա. արդյունքում 2020 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին Հայաստան մարդ չի այցելել, այսինքն՝ այս ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը եղել է 0: Այդ տարի սա մեծ հարված է հասցրել նաև տուրիստական արդյունաբերությանը: 2021 թվականից սկսվեց վերականգնողական աճը, որը պայմանավորված էր նաև Ռուսաստանից մեծ քանակությամբ ռելոկանտների ներհոսքով դեպի Հայաստան: Հատկանշական է, որ եթե մինչև 2020 թվականը ժամանող և մեկնող զբոսաշրջիկների քանակությունը գրեթե նույնն էր, ապա 2021 թվականից հետո ժամանող զբոսաշրջիկների քանակությունն ավելի մեծ աճ է արձանագրել, քան մեկնողներինը:

Գծապատկեր 2.

download (1).png (84 KB)

Նշենք, որ մինչև 2019թ. մեկնող և ժամանող զբոսաշրջիկների թիվը գրեթե հավասար էր և ուներ կայուն աճի միտում: 2020թ. համաճարակով պայմանավորված՝ զբոսաշրջիկների թիվը զգալիորեն կրճատվեց: 2021-2023 թվականներին գրանցվել է արագ տեմպերով վերականգնողական աճ: Հատկանշական է, որ ի տարբերություն մինչև 2019թ. գրանցված ցուցանիշների, երբ մեկնողների և ժամանողների թիվը գրեթե հավասար էր, այս ժամանակահատվածում՝ ըստ պաշտոնական տվյալների, 1.5 անգամ ավելի շատ զբոսաշրջիկ է ժամանել Հայաստան, քան մեկնել: Բացարձակ տարբերությունը այս 3 տարիների ընթացքում կազմել է 1.65 մլն մարդ: Այսպիսով՝ 2021-23 թվականների ընթացքում Հայաստան է ժամանել 4.86 մլն զբոսաշրջիկ, իսկ մեկնել է 3.22 մլն զբոսաշրջիկ:

Նշենք, որ 2023-ին ժամանողների թիվը արդեն վերականգնվել է և աճ է արձանագրել մինչհամաճարակային 2019 թվականի մակարդակից, սակայն 2023 թվականին Հայաստանից մեկնել է 1.65 մլն զբոսաշրջիկ, որը դեռևս 12 տոկոսով պակաս է մինչհամաճարակային 2019 թվականի շրջանի 1.87 մլն մեկնող զբոսաշրջիկներից:

Ավելին` tvyal.com