ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել նավթի պաշարները վառելիքի գները զսպելու համար

ԱՄՆ-ն պատրաստ է օգտագործել նավթի պաշարները վառելիքի գները զսպելու համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է ռազմավարական պաշարներից ավելի շատ նավթ բաց թողնել շուկա՝ կանխելու վառելիքի գների աճը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Այս մասին, B24-ի փոխանցմամբ, հայտնում է բրիտանական Financial Times-ը՝ վկայակոչելով էներգետիկայի և ներդրումների հարցերով ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնին:

Նա ասել է, որ վառելիքի գները «դեռ շատ բարձր են շատ ամերիկացիների համար» և պետք է «մի փոքր իջնեն»:

«Մենք կանենք ամեն ինչ շուկայում բավարար մատակարարում և ամերիկյան սպառողների համար վառելիքի գները հնարավորինս ցածր մակարդակ աապահովելու համար, – ասել է ամերիկացի պաշտոնյան և նշել, որ 2025 թվականին ամերիկյան վարչակազմը կշարունակի նավթ գնել այնքան ժամանակ, քանի դեռ ռազմավարական պաշարը կրկին չի հասել այն ծավալներին, որոնք անհրաժեշտ են էներգետիկ անվտանգության ապահովման համար:

Նախագահ Ջորջ Բուշի էներգետիկայի նախկին խորհրդական և Rapidan Energy խորհրդատվական ընկերության ղեկավար Բոբ ՄաքՆալիի խոսքով՝ «ցանկացած նախագահ, որը կբախվի դժվարին վերընտրության, հատկապես փխրուն տնտեսության պայմաններում, անհանգստացած կլինի բենզինի թանկացման վտանգով»:

Հաջորդ ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 5-ին: 81-ամյա դեմոկրատ Ջո Բայդենը և 77-ամյա հանրապետական ​​Դոնալդ Թրամփն արդեն երաշխավորել են իրենց պաշտոնական առաջադրումը՝ որպես պաշտոնական Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի պաշտոնի թեկնածուներ երկու առաջատար կուսակցություններից: Նրանց թեկնածությունները պետք է պաշտոնապես հաստատվեն հանրապետականների և դեմոկրատների ազգային կուսակցական համագումարներում՝ համապատասխանաբար հուլիսին և օգոստոսին: