ՏՏ ոլորտում հնարավոր փոխգործակցության հարցեր են քննարկել Երևանի փոխքաղաքապետն ու Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը

ՏՏ ոլորտում հնարավոր փոխգործակցության հարցեր են քննարկել  Երևանի փոխքաղաքապետն ու Լոս Անջելեսի  տեղեկատվական կառավարման գրասենյակի պետը

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հանդիպել է տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Լոս Անջելեսի քաղաքապետարանի տեղեկատվական կառավարման գրասենյակի պետ Թեդ Ռոսին:

Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն` կարևորելով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն ու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը՝ փոխքաղաքապետը ներկայացրել է ծառայությունների թվայնացման ուղղությամբ Երևանի աշխատանքները: Սուրեն Գրիգորյանը նաև ընդգծել է, որ շարունակաբար ուսումնասիրվում ու տեղայնացվում է միջազգային փորձը, և հետաքրքրություն հայտնել քննարկելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Միացյալ Նահանգների  գործընկերների հետ հնարավոր գործակցության ուղիները:

Լոս Անջելեսի տեղեկատվական կառավարման գրասենյակի ղեկավարը, խոսելով ոլորտում ներկայում կիրառվող մոտեցումներից, պատրաստակամությունն է հայտնել փոխանցելու իրենց փորձը Երևանին: