Տավուշի մարզի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր

Տավուշի մարզի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մասնակցել է Տեղական ինքնակառավարման օղակում ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովին։ Այս մասին հաղորդում են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերմանը, քաղաքային և նահանգային պաշտոնյաներ Միացյալ Նահանգներից և համայնքային ու մարզային պաշտոնյաներ Հայաստանից, որոնք քննարկեցին համայնքների, նահանգների ու մարզերի փոխգործակցության ամրապնդման լավագույն փորձն ու ընդհանուր նպատակները։

Համաժողովի ընթացքում ՀՀ Տավուշի մարզի և ԱՄՆ Միչիգան նահանգի միջև կնքվել է բարեկամական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին հուշագիր։

Կողմերն իրենց իրավասության շրջանակում և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան, կզարգացնեն երկկողմ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Տնտեսական բարգավաճումը խթանելու և հանրային ծառայությունները բարելավելու նպատակով կիրականացվեն փոխանակումներ և համագործակցություն տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և ենթակառուցվածքների կառուցման ոլորտներում:

Համաժողովը նպատակ ունի խթանել ու նոր թափ հաղորդել ՀՀ մարզերի, համայնքների և ԱՄՆ նահանգների ու քաղաքների միջև ապակենտրոնացված փոխգործակցությանը։