Քննարկվել են Հայաստանի ու Մալթայի երկկողմ գործակցության հնարավորությունները տնտեսության տարբեր ոլորտներում

«Հայաստանն ու Մալթան տնտեսության ոլորտում ունեն համագործակցության մեծ ներուժ և հարկավոր է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ դրական ցուցանիշների հասնելու համար», – նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին Էկոնոմիկայի նախարարությունում Մալթայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Սիլվիո Շեմբրիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչությունից։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Նարեկ Հովակիմյանը։
«Այս հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու փոխադարձ շահերը, մտքեր փոխանակելու առևտրի և ներդրումների ընդլայնման վերաբերյալ և ուսումնասիրելու պոտենցիալ գործընկերությունը տնտեսության տարբեր ոլորտներում», - ասել է նախարար Պապոյանը։
Կողմերը քննարկել են երկկողմ գործակցության հնարավորությունները մի շարք առանցքային ոլորտներում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, գյուղատնտեսության, առևտրի, զբոսաշրջության։
Անդրադառնալով Կառավարության խաղաղության օրակարգին՝ Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելություններն ու կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։