Հունիսի 20-ից մեկնարկում են Կահիրե - Երևան - Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթները

Հունիսի 20-ից մեկնարկում են Կահիրե - Երևան - Կահիրե  կանոնավոր ուղիղ չվերթները

 2024 թվականի հունիսի 20-ին, Երևան կժամանի  Կահիրե- Երևան- Կահիրե  չվերթի   առաջին  ինքնաթիռը:  Առավոտյան  ժամը 7-ին  և , այսուհետ , ամեն հինգշաբթի,  կանոնավոր կերպով Երևանից կիրականացվի ուղիղ թռիչք դեպի Կահիրե: Չվերթն իրականացնում է  «ԱՆՌԻՎԱ»  տուրօպերատորը՝ եգիպտական ազգային ավիափոխադրող ՝ Air Cairo ավիաընկերության հետ միասին:

  Կահիրեի և Երևանի միջև  առաջին անգամ իրականացվող կանոնավոր օդային ուղիղ  հաղորդակցությունը  իրադարձություն է ոչ միայն զբոսաշրջային ոլորտի, այլ նաև Հայաստան- Եգիպտոս տնտեսական գլոբալ զարգացումների տեսանկյունից, և  նոր հեռանկար է բացում տնտեսության բոլոր ոլորտների համար:

Այս ամռան համար տուրիստական նոր և ինքնատիպ առաջարկների մասին զրուցել ենք «ԱՆՌԻՎԱ ՏՈւՐ»  և  «ԱՆՌԻՎԱ»  ընկերությունների հիմնադիր՝ Հռիփսիմե Ստամբուլյանի հետ:

-5377694290823732078_121.jpg (135 KB)

 -Տիկին  Ստամբուլյան, Շարմ,  Հուրգադա, հիմա էլ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե,  որքանո՞վ են ակտուալ եգիպտական ուղղությունները մեր շուկայի համար,  ինչպիսի՞ն է   պահանջարկը, ինչու՞ հենց Կահիրե:

- Իրականում ամեն ինչ սկսվեց տասը տարի առաջ, երբ մեկնարկեցինք թռիչքները  դեպի Շարմ էլ Շեյխ և Հուրգադա: Մոտ 3 տարի դրանք իրականացնում էինք Վրաստանից,  և  միայն  2017-ից սկսեցինք թռչել  Երևանից:

Ասեմ, որ բավականին դժվար պրոցեսներով անցանք՝  նախ Հայաստանից ուղևորներին տեղափոխում էինք  Թբիլիսի,  գիշերային թռիչքներ էին,  բավականին դժվար էր մեր զբոսաշրջիկի  և  մեզ համար համար և, խնդիր դրեցինք թռիչքները բերել Երևան :

Երեք տարի տևած   հանդիպումներից, երկար բանակցություններից հետո , մեզ հաջողվեց  թռիչքներն իրականացնել  նաև Երևանից …

 Իրականում  դեպի Եգիպտոս կանոնավոր չվերթ ունենալու մարտահրավերները շատ էին՝  նախ մեր բնակչության թիվը  սակավ էր,  Եգիպտոսի ուղղությունը մեզ առանձնապես  հայտնի չէր՝  Շարմ Էլ Շեյխ  մարդիկ մեկնում էին թերևս միայն  Նոր Տարին նշելու համար:  Հազվադեպ է եղել նախկինում, որ չարտերային թռիչքներ  իրականացվեն,  իսկ կանոնավոր ունենալը   առավել ևս բարդ էր, ռիսկերը մեծ էին: Ինչևէ, 3  տարի տևած բանակցություններից հետո  հաջողեցինք  և , 2017-ի հունիսի 20-ից / ի դեպ, կարծես խորհրդանշական է դառնում այս թիվը,  Կահիրեն էլ ենք այդ օրը մեկնարկում/  սկսեցինք Երևան- Շարմ,  Երևան- Հուրգադա թռիչքները:  Եվ ջանք չխնայեցինք, որպեսզի այս ուղղությունը դառնա թիվ մեկը մեզ համար:  Այսօր վստահ կարող եմ ասել, որ Եգիպտոսը   հայաստանցի զբոսաշրջիկի համար դարձել է  ամենահասանելի ու պահանջված ուղղություններից , կամ նույնիսկ գուցե առաջինը:

 - Մեր զբոսաշրջիկների շրջանում  կա՞ պահանջարկ հատկապես Կահիրե թռչելու և որքանո՞վ է Երևանը պահանջված ուղղություն եգիպտացիների համար:

-Առաջին  իսկ օրվանից,  երբ եգիպտական «Air Cairo» ավիաուղիների  հետ կնքեցինք համագործակցության  պայմանագիր ,  կար նաև  գաղափար ու   ցանկություն  ՝   սկսել թռիչքներ դեպի  մայրաքաղաք Կահիրե:  Բայց ունեինք դժվարություններ, կապված Եգիպտոսի քաղաքացիների վիզաների  ստացման հետ: Այդ ուղղությամբ երկարատև աշխատանք է տարվել , և թե  մեր,  թե մեր  դեսպանների  ջանքերի շնորհիվ հիմա արդեն   Եգիպտոսի քաղաքացիները բավականին հեշտացված ընթացակարգով կարող են Հայաստան գալ:      

Երբ ասում էի, որ պետք է Կահիրե թռիչքներ սկսենք, ասում էին՝ շատ բարդ է, ռիսկային: Հիմա նույնպես, ավիաընկերությունը թերահավատորեն է վերաբերվում այդ ուղղությանը, մտածելով, որ բարդ ժամանակներ ենք ապրում և ռիկսերը շատ են: Այո բարդ է, քանի որ ցանկացած նոր ուղղություն, որը մենք սկսում ենք,  երեք տարի առնվազն անհրաժեշտ է լինում, որ այն կայանա.  քանի որ մենք այնպիսի երկրում ենք ապրում, որը բացի սակավ բնակչությունից նաև լուրջ անվտանգային խնդիրներ ունի: Բազմաթիվ բարդագույն իրավիճակներով ենք անցել՝պատերազմ, անորոշություններ, քաղաքական վայրիվերումներ, քովիդ… Բայց միևնույնն է շարունակում ենք աշխատել, պայքարում ենք անդադար, որքան էլ, որ անորոշ է ապագան և  անհասկանալի է, թե  ինչ կլինի վաղը։

Անգամ, երբ հայտարարեցինք թռիչքների մասին, Կահիրեից  ավելի շատ էին ամրագրումները, բայց այս փուլում որոշակի դանդաղել է, որովհետև մարդիկ ցանկանում են սպասել, հասկանալ ինչ է կատարվում Հայաստանում։

Կահիրեի դեպքում խոսքը միայն տուրիստական  փոխադրումների մասին  չէ  , այլ նաև ստրատեգիական նշանակության նոր ուղղության, որը կնպասի  երկու երկրների տնտեսության զարգացմանն ընդհանրապես:

Մենք բավականին կայացած  հայ համայնք ունենք այնտեղ, և հետո Կահիրեում, Ալեքսանդրիայում և առհասարակ Եգիպտոսում բավականին մեծ ղպտի համայնք կա, ովքեր  շատ հետաքրքրված են կրոնական տուրիզմով՝ դեպի Հայաստան։

Ես վստահ եմ, որ մեր երկիրը դառնալու է շատ կարևոր և  սիրելի ուղղություն՝  եգիպտացի զբոսաշրջիկների համար:  Իհարկե, մեծ աշխատանք ունենք անելու, և մեր թիմը արդեն զբաղվում է մարքեթինգային արշավներով Կահիրեում, հանդիպում և բանակցում ենք տարբեր երկրներում տուր-օպերատորների հետ, ովքեր սովորում են, որպեսզի կարողանան ներկայացնել Հայաստանը՝ որպես գրավիչ ուղղություն։

Սկիզբը դժվար է լինելու, որովհետև այդքան էլ չգիտեն Հայաստանի մասին, բայց մենք հենվում ենք մեր փորձի վրա՝ նոր ուղղություններ զարգացնելու՝ Շարմ Էլ Շեյխը, Հուրգադան, հետո՝ Թունիսը, և ես կարծում եմ, որ Կահիրեն ևս հաջողելու ենք։

-Փաստորեն,  պետք է ակնկալել, որ շուտով Հայաստնում եգիպտացի զբոսաշրջիկներ կհայտնվե՞ն  

-Կարծում եմ,  այս նախաձեռնությունը մեծապես կնպաստի   ներգնա տուրիզմի զարգացմանը, բայց վստահ եմ, որ այստեղից ևս Կահիրե մեկնող շատ զբոսաշրջիկներ կլինեն, և ժամանակի ընթացքում կավելանան, որովհետև Կահիրեում և Ալեքսանդրիայում բավականին մեծ և հետաքրքիր հայկական հետք ունենք ուսումնասիրելու, աշխարհի հրաշալիքները, բուրգերը տեսնելուն զուգահեռ, իհարկե։  

Այս տարիների ընթացքում Շարմից և Հուրգադայից շատ դժվար է եղել Կահիրե գնալը՝ 8 -10 ժամ մեքենայով, և փոքրիկների հետ հատկապես դա գրեթե անհնարին է եղել և շատ հոգնեցուցիչ, իսկ հիմա ուղիղ թռիչքով 2․5 - 3 ժամում կարող են Հայաստանից Կահիրե հասնել և վայելել իրենց հանգիստը:

Մենք ևս մեկ նորություն ունենք շուկայի համար․ հայտնի «Ջազ-Կրուիզ» նավերի պաշտոնական ներկայացուցիչն ենք դարձել Հայաստանում և հայ զբոսաշրջիկին կարողանալու ենք, բացի Կահիրե և Ալեքսանդրիա կլասիկ ծրագրերից, նաև տրամադրել Նեղոսով կրուիզներ, որը բավականին գեղեցիկ է, և  զբոսաշրջիկները մեկ այլ Եգիպտոս են բացահայտելու։

Եվ շատ կարևոր մի հանգամանք. Կահիրեից արդեն շատ հեշտ ու արագ կարելի  է հասնել Ալեքսանդրիա, որտեղից սկսվում է Նորդ Քոստը՝ Եգիպտոսի միջերկրածովյան ափը՝ իր շքեղ հանգստավայրերով, սա արդեն ուրիշ Եգիպտոս է, որը ևս հասանելի կդառնա մեր զբոսաշրջիկներին:

Մեր հեղինակած «Արի Գնանք» հաղորդաշարի միջոցով/  հեռարձակումը ՝ATV-ով/ , բացահայտում ենք լրիվ ուրիշ Եգիպտոս՝ Լուքսորը, Ասմանը , Կահիրեն , Ալեքսանդրիան… ամբողջովին այլ քաղաքակրթություն ՝ պատմամշակութային հարուստ ժառանգությամբ,  էմոցիաներով, հարուստ բնությամբ  և պատմությամբ։ Եթե մինչ այս հայ զբոսաշրջիկը հիմնականում գերվել է Կարմիր ծովով, անապատային արկածներով, all inclusive հանգստով, նավով տուրերով, հիմա բացվում են բոլորովին նոր հնարավորություններ։

-Ամառն արդեն աշխատանքայինից հանգստյանի  է վերածվում, ու՞ր եք առաջարկում մեկնել, կամ ու՞ր են ավելի հաճախ մեկնում մեր համերկրացիները՝ Ձեր փորձից ելնելով:

- Գիտե՞ք , մեր չվացուցակում Թունիսն է սկսել մեծ հետաքրքրություն առաջացնել. մայիսի վերջից թունիսյան  Nouvelair-ի հետ , արդեն 4- րդ տարին անընդմեջ շաբաթական թռիչքներ ենք իրականացնում, և  աստիճանաբար այս ուղղությունը ևս պոպուլյար  է դառնում Շարմի և Հուրգադայի կողքին:  Թունիսն ուրիշ առավելություններ ունի. նախ ՝ գտնվում է Միջերկրական ծովի ափին, այսինքն իր ջերմաստիճանով, բնակլիմայական պայմաններով միջերկրածովյան գոտի է, որտեղ ավելի շատ մեկնում են ամռանը։ Շատ նման է Հունաստանին իր բնությամբ։ Ֆրանսիայի գաղութ է եղել և այնտեղ ֆրանսիական քաղաքակրթությունը մեծ ազդեցություն է ունեցել, ինչը զգալի է մինչ օրս։ Երբեմն չես էլ նկատում, որ Ֆրանսիայում չես, այլ Աֆրիկայում, որովհետև այնտեղ հիմնականում խոսում են ֆրանսերեն:

Ուտելիքի, տուրերի և հյուրանոցների առումով նույնպես տարբեր է Եգիպտոսից։ Անիմացիաները և միջոցառումները ավելի քիչ են, քան Եգիպտոսի հյուրանոցներում։ Թունիսը այլ մակարդակի հանգիստ է։ Թունիսում ևս շատ մեծ պատմամշակութային  արժեքներ կան, որոնք արժե տեսնել։ Պատմական տուրը կարելի է սկսել  Կարթագենից,   լինել էլ Ջեմ ամֆիթատրոնում, որտեղ  «Գլադիատոր» ֆիլմն է նկարահանվել, հրաշալի Սպիտակ ու կապույտ քաղաքը տեսնել , երբ դժվար է տարբերել ՝ թունիսյան Սիդի Բու Սաիդում ես, թե՞ հունական Սանտորինիում։

Բնակլիմայական պայմաններով պայմանավորված,  հայերս  սիրում  ենք Թունիսը, և , ինչն է կարևոր, որ  ըստ էության ստացվում է, որ առանց շենգեն վիզայի կարողանում ես հանգստանալ Միջերկրական ծովի ափին։ Սկզբնական շրջանում, երբ բանակցում էինք Թունիսի թռիչքների համար , ես և մեր աշխատակիցները  Թունիսի վիզան ստացել ենք Մոսկվայից, ինչը բավականին ծախսատար և ժամանակատար էր, գրեթե 250$ անձը։ Եվ, երբ պետք է սկսեինք դեպի Թունիս թռիչքները, այդ ժամանակ ևս 1-2 տարի բանակցություններ ենք ունեցել իրենց կառավարության հետ, որպեսզի հայ զբոսաշրջիկի համար կարողանանք վերացնել վիզայի արգելքը, որպեսզի ստիպված չլինեն մեկնել այլ երկիր, կամ ուղարկել փաստաթղթերը և այդքան ծախսեր անել:

Ի տարբերություն Եգիպտոսի, Թունիսում հյուրանոցային վաղ ամրագրումները զգալիորեն մատչելի են դարձնում ուղևորությունը, քանի որ ամառվա ընթացքում գներն ավելի արագ են աճում։ Շատ լավ կլինի, եթե հայ զբոսաշրջիկները ամրագրեն իրենց հանգիստը դեպի Թունիս նախապես, որպեսզի ստիպված չլինեն շատ ավելին վճարել օգոստոսին, քան օրինակ կվճարեին փետրվարին և մարտին, եթե պլանավորել են իրենց հանգիստը Թունիսի միջերկրածովյան  ափերին անցկացնել։

Ի ուրախություն մեզ ասեմ,որ մենք՝ հայերս նույնպես սկսել ենք շատ ճամփորդել տարբեր երկրներ, ու թերևս շատ բնորոշ է մեզ հատկապես  ընտանեկան  հանգստի նախընտրությունը։ Հետևաբար,   «ԱՆՌԻՎԱ» - ն,  երբ նոր ուղղություն է պլանավորում, մշտապես շեշտը դնում է, որ այն հարմար լինի նաև ընտանեկան հանգստի համար, քանի որ մեր` հայերիս, համար հանգիսnն առանց բալիկների,  հանգիստ չի լինում։