Sputnik Արմենիա. Պետության բաժինը բիզնեսում և «չափազանց մեծ» արտոնությունները. ԱՄՀ-ի քննարկումները ՀՀ-ում
Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապրում և համեմատաբար բարենպաստ տնտեսական կոնյունկտուրա ունի։ 2023-ին երկրի տնտեսությունն աճել է 8,7%-ով, 2024-ին հիմնադրամն ակնկալում է 6% (և գուցե մի փոքր ավելին): Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Թանոս Արվանիտիսը։
Պետական պարտքը և արտասահմանյան վարկերի կրճատումը
Արվանիտիսը նշել է, որ հիմնադրամը ըմբռնումով է մոտենում այն հանգամանքին, որ կառավարությունը պետք է լրացուցիչ միջոցներ ծախսի Լեռնային Ղարաբաղից փախստականների ու հանրապետությունում ենթակառուցվածքների զարգացման համար:
Ինչ վերաբերում է պարտքի կառուցվածքին, ապա կառավարությունը վերջին տարիներին կրճատում է արտաքին պարտքը և ավելացնում ներքին պարտքը (պարտատոմսեր)։ Հիմնադրամի կարծիքով՝ նման մոտեցումը խելամիտ է, քանի որ համաշխարհային ֆինանսական շուկաներում տոկոսադրույքները այժմ բավականին բարձր են (իսկ դրանցից կախված են նաև արտասահմանյան վարկերի տոկոսադրույքները)։ Բայց քանի որ աշխարհում գնաճը նվազում է, զուգահեռաբար պետք է նվազեն նաև ֆինանսական տոկոսադրույքները։ Ուստի ներքին և արտաքին պարտքի միջև պետք է հավասարակշռություն պահպանել, քանի որ գանձապետական պարտատոմսերի ավելցուկը կարող է նվազեցնել ներդրողների ախորժակը (որոնք բարդություններով և ռիսկերով բիզնեսը զարգացնելու փոխարեն ներդրումներ են կատարելու գրեթե առանց ռիսկի պետական պարտատոմսերում), իսկ արտասահմանյան վարկերի ավելցուկը կարող է կառավարությանը խոցելի դարձնել փոխարժեքների տատանումների նկատմամբ։
Հիմնադրամի կարծիքով՝ չափազանց կարևոր է պետական պարտքը չափավոր սահմաններում պահել, ինչպես հիմա (հիմնադրամում նշում են, որ ներկայիս մակարդակը՝ ՀՆԱ-ի 48 տոկոսը, նույնպես կարելի է չափավոր համարել):
Պետությունը խոշոր բիզնեսում. ի՞նչ անել
ԱՄՀ-ի կարծիքով՝ պետությունը պետք է որոշի, թե իր քաղաքականության մեջ ինչ նպատակների է ուզում հասնել խոշոր ձեռնարկություններում բաժնետիրական փաթեթների միջոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը։ Այս հարցերի շուրջ հիմնադրամը խորհրդատվություն է տրամադրել ֆինանսների նախարարությանը՝ պետական գույքի կառավարման քաղաքականություն կազմելու համար (առայժմ դրա համար հայեցակարգային մոտեցումներ են կազմվել)։
«Մեր կարծիքով՝ այդ բաժնետիրական փաթեթները չեն իրագործում որևէ նպատակ, որին սովորաբար ձգտում է կառավարությունը, ուստի ցանկալի է վաճառել դրանք: Իհարկե, ընտրությունը կառավարությանն է. մենք միայն խորհուրդ ենք տալիս, որ նրանք երկրի տնտեսությանը փոխանցեն հաջորդ մեսիջը։ Առաջինը՝ եթե խոշոր ընկերություններում սեփականությունն ինչ-որ նպատակների է ծառայում, ապա ի՞նչ, երկրորդը՝ եթե ոչ, ապա դրանից ելնելով ի՞նչ է արվելու», - ավելացրեց Ռավաթը։
Նա նշեց, որ ապագա փաստաթղթում կարելի է վերլուծել բաժնետիրական փաթեթներից յուրաքանչյուրը, քանի որ դրանք համեմատաբար քիչ են։
Խմբագրության կողմից. Հիշեցնենք, որ դրանք բաժնետիրական փաթեթներ են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում», Ամուլսարի հանքում («Լիդիան Արմենիա» ընկերություն), ինչպես նաև «Վիվա-ՄՏՍ» բջջային օպերատորում: Պետությունը նաև Երևանի ՋԷԿ-ի և Հայկական ԱԷԿ-ի սեփականատերն է, բայց դրանց վերաբերյալ հիմնավորումներ կան, թե ինչու այդ ընկերությունները չեն կարող սեփականաշնորհվել (կարճ ասած՝ ՋԷԿ-ը Իրանի հետ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» միջպետական սխեմայի մասնակից է, իսկ ԱԷԿ-ը՝ ռազմավարական նշանակության օբյեկտ)։
Ավելին` arm.sputniknews.ru