Կառավարությունը շուրջ 600 մլն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի համար

Կառավարությունը շուրջ 600 մլն դրամ կհատկացնի երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի համար

2020 թվականին ընդունվել էր երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության՝ 2020-2023 թվականների ծրագիրը: 2023-ին ծրագիրն ամփոփելուց ու արդյունավետությունը գնահատելուց հետո որոշվել էր, որ այն պետք է շարունակել, և 2024 թվականի մարտին որոշվել էր երկարաձգել ծրագիրը մինչև 2026 թվականը: Այդ մասին Կառավարության հունիսի 20-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Ծրագրի շրջանակում 2024-ին աջակցություն է ստացել 827 շահառու մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած պարտավորությունների մասով, և վճարվել է շուրջ 552 մլն դրամ, իսկ ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից մինչև այս պահը շահառու է դարձել շուրջ 10 հազար մարդ, և վճարվել է շուրջ 7 մլրդ դրամ գումար», - ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ներկայումս հաստատվել և վճարման է սպասում շուրջ 290 շահառուի հայտ, որից պետք է վճարվի 260 մլն դրամ: Եվս 300 շահառուի հայտ մշակման փուլում է:

«Այս նախագծով առաջարկում ենք հաստատված հայտերի վճարումներն ապահովելու, ինչպես նաև 3-րդ եռամսյակում կանխատեսվող հայտերը բավարարելու նպատակով տրամադրել շուրջ 600 մլն դրամ գումար՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու համար», - ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ծրագրի իրազեկվածության մասով խնդիր կա, և մտահոգություն հայտնեց, որ բոլոր պոտենցիալ շահառուները չէ, որ տեղյակ են ծրագրի մասին: Նախարարը ներկայացրեց վիճակագրություն՝ նշելով, որ տարեցտարի հայտերը շատանում են: Օրինակ՝ եթե 2021-2022-ին մի քանի հարյուր հայտ կար, ապա 2023-ին՝ 9 000-ից ավելի, իսկ այժմ 10 000 հաստատված հայտ կա:

Աղբյուրը`   1lurer.am