Սյունիքի Ներքին Հանդ գյուղում խմելու ջուր կունենան 2025 թվականի վերջին

Սյունիքի Ներքին Հանդ գյուղում խմելու ջուր կունենան 2025 թվականի վերջին
 ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում ջրամատակարարման նոր համակարգը կկառուցվի մինչև 2025 թվականի վերջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
«ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավում» շինարարական օբյեկտի շինարարության սկիզբը 2024 թվականի մայիսի 20-ն է, ավարտը` 2025 թվականի նոյեմբերի 20-ը: Այն սկիզբ է առնում Բասուտա գետից, ջրագծի երկարությունը 2026 մետր է»,- նշված է պատասխան նամակում։
2021 թվականի մարտին գրել էինք, որ ՀՀ իշխանությունները պայմանագիր են կնքել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ջրագծի կառուցման վերաբերյալ, սակայն ֆինանսական միջոցներ դեռ չեն գտնվել:
2021-2022թթ.-ին ադրբեջանական զինուժի ներխուժումների հետևանքով Ներքին Հանդը զրկվել է խմելու ջրի աղբյուրից, գյուղատնտեսական տարածքներից և նույնիսկ գերեզմանատնից:
Նշենք, որ հիմա գյուղի բնակիչները տանը գետի ջուր են օգտագործում։ Խմելու ջուրը նրանք տարաներով բերում են գյուղի և նրա շրջակայքի երկու փոքր աղբյուրներից։
Ո՛չ ջուր, ո՛չ հող, և ադրբեջանական զինված ուժերի տեսադաշտում. ինչպես է ապրում Ներքին Հանդը:
Աղբյուրը՝    arm.sputniknews.ru