ՏԿԵ նախարարությունում պարգևատրվեցին հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը ներգրավված ռուս մասնագետները

ՏԿԵ նախարարությունում պարգևատրվեցին հեղեղից վնասված երկաթուղու վերականգնմանը ներգրավված ռուս մասնագետները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից հունիսի 21-ին պարգևատրվեցին հեղեղումների հետևանքով Վանաձոր-Այրում երկաթուղային վնասված հատվածների արագ վերականգնման գործում ներգրավված ռուսաստանցի մի խումբ մասնագետներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը բարձր գնահատեց և շնորհակալություն հայտնեց Ռուսաստանից հրավիրված մասնագետների կատարած աշխատանքը, ովքեր ներդրում են ունեցել երկաթուղու վնասված հատվածների արագ վերականգնման գործում։

Այնուհետև նա շնորհակալագրեր ու նվերներ հանձնեց «Ռուսաստանի երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության մի խումբ պատասխանատուների ու մասնագետների՝ պրոֆեսիոնալիզմի, նախաձեռնողականության, վճռական գործողությունների, ինչպես նաև հեղեղի հետևանքով Վանաձոր-Այրում երկաթուղային հատվածի վերականգման աշխատանքների արդյունավետ կառավարման համար։

Փոխնախարարի խոսքով՝ մայիսի 26-ից հետո, երբ Դեբեդի վարարման հետևանքով վնասվել էին Սանահին-Այրում երկաթուղային մոտ 2 կիլոմետր ընդհանուր ընդգրկմամբ հատվածները, արագ վերականգման համար մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կար։

Սիմոնյանն ընդգծեց, որ այդ հատվածը գտնվում էր դեպի արտաքին աշխարհ տանող հիմնական երկաթուղային ճանապարհին և դրա վերականգնումն արագ պիտի իրականացվեր՝ հատկապես, երբ Վրաստանում ներմուծման էին սպասում կարևոր նշանակության ապրանքատեսակներ։

«Քանի որ մենք մասնագետների պակաս, անհրաժեշտություն ունենք՝ նման իրավիճակում արագ երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնելու, ապա  դիմեցինք «Ռուսական երկաթուղու» գործընկերներին և ամսի 27-ին առաջին մասնագետը ժամանեց Հայաստանի Հանրապետություն», - ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ արդյունքում  հաջողվեց ռեկորդային ժամկետներում՝ արդեն հունիսի 15-ին, վերականգնել վնասված այդ կարևոր ենթակառուցվածքը։  

IjQM8C6Iw58iNt6xRgIDe6O8eM53yqxz6IO2fg1H.webp (427 KB)