Ամերիաբանկը ստացել է «Տարվա գործարքը 2021 – Կանաչ առևտուր» մրցանակը ՎԶԵԲ- ի Առևտրի խթանման ծրագրի շրջանակում

Ամերիաբանկի և իտալական Banca Popolare di Sondrio բանկի համատեղ նախագիծը, որն ուղղված է ջրային և էներգետիկ ռեսուրսների պահպանմանը, արժանացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) «Տարվա գործարք 2021. Կանաչ առևտուր» մրցանակին:
Այդ մասին հայտարարվել է ՎԶԵԲ-ի 2022թ. ամենամյա ժողովի և գործարար համաժողովի ընթացքում: Առանձին մրցանակաբաշխության ժամանակ հատուկ ուշադրության արժանացան Կանաչ առևտրի խթանման ծրագրի (ԱԽԾ) առավել ակտիվ մասնակից բանկերը:
Այս համատեղ ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել և տեղադրվել շշալցման ժամանակակից հոսքագիծ, որի շնորհիվ կարելի է ապահովել Հայաստանի 440 տնային տնտեսությունների կողմից սպառվող մաքուր ջրի տարեկան ծավալին համարժեք խնայողություն:
«Սա ՎԶԵԲ-ի կողմից առևտրի ֆինանսավորման ոլորտում Ամերիաբանկի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շատ կարևոր գնահատական է: Առևտրի խթանման ծրագիրը նպաստում է միջազգային արդյունավետ համագործակցությունը, ինչպիսին է մեր գործընկերությունը Banca Popolare di Sondriօ բանկի հետ, որն անմիջական ազդեցություն է գործում մարդկանց և համայնքների առօրյայի վրա: Մենք ավելի կընդլայնենք մեր ակտիվ գործունեությունն առևտրի ֆինանսավորման ոլորտում, ինչը համահունչ է բիզնեսի վարման մեր պատասխանատու քաղաքականությանը, որն ուղղված է Հայաստանի ռեսուրսարդյունավետ և էկոլոգիապես կայուն ապագային»,- նշել է Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը:
Աղբյուրը` armenpress.am