Ինչպե՞ ս արդյունավետ դարձնել հայ –վրացական տուրիստական համագործակցությունը

Հայ–վրացական հարբերությունների զարգացում՝ տուրիզմի ոլորտում ու տուրիզմի միջոցով․ Հայաստանն ու Վրաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն, որի նպատակը երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները լուծելն է: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի և Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի միջև այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանում հայ-վրացական զբոսաշրջային համաժողովի շրջանակում: Աշխատանքային խմբի կազմում պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ կընդգրկվեն: «Աշխատանքային խմբի ներկայացուցիչներն առաջիկայում առաջին հանդիպումը կանցկացնեն հայ-վրացական սահմանին։ Նրանք տեղում կքննարկեն մաքսային անցակետում առկա խնդիրները և լուծումներ կառաջարկեն»։
Չնայած աշխարհագրորեն մոտ գտնվելուն՝ Վրաստանում Հայաստանի մասին տեղեկատվության պակաս կա։ Հայաստանն ու Վրաստանը միասնական զբոսաշրջային պրոդուկտներ կստեղծեն։ Երկու երկրները նոր տեղ կզբաղեցնեն աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա և լրացուցիչ զբոսաշրջային հոսքեր կներգրավեն: Բացի այդ, կողմերը մտադիր են նաև մշակութային երկխոսություն հաստատել, բարձրացնել փոխադարձ հարգանքը երկու ժողովուրդների ավանդույթների և պատմամշակութային ժառանգության նկատմամբ:
Ապրեսյանի դիտարկմամբ, կարևոր է նաև երկու երկրների միջև ավիաթռիչքների հաճախականության ավելացումը։ Նրա խոսքով՝ դա կազդի սակագնային քաղաքականության վրա, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ուղևորահոսքի աճի և տոմսերի արժեքի նվազման։ ՎԿ տվյալների համաձայն, 2024 թվականի առաջին հինգ ամսում Հայաստան է այցելել 766 745 զբոսաշրջիկ։ Վրաստանը այցելությունների թվով երկրորդ տեղում է, առաջինը Ռուսաստանն է։
Տնտեսագետ, Լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ Սոս Խաչիկյանը հիշեցնում է՝ ՀՀ ԱԺ–ն ընդունել է «Զբոսաշրջութան մասին» նոր օրենքը, բայց այն ուժի մեջ կտնի այս տարվա սեպտեմբերից։ Ակնկալվում է, որ ստանդարտացման ու լիցենզավորման հարցերը ավելի կիրառական հիմքերի վրա կդնեն։ Հայ –վրացական տուրիստական համագործակցության արդյունավետության մասին խոսել հնարավոր չէ՝ արձանագրում է Խաչիկյանն ու նշում, որ ֆորումի նպատակներից մեկը արդյունավետության բարձրացումն է։ Ոչ արդյունավետ համագործակցության պատճառներից մեկը ՀՀ–ի ու Վրաստանի իրավական դաշտերն են։ Վրաստանն ունի որոշակիորեն լիցենզավորված գործունեություն տուրիզմի ոլորտում, իսկ լիցենզավորումը միջազգայնացման ուժեղ բաղադրիչ է։ Հայաստանը նոր է սկսել աշխատել այդ ուղղությամբ։
Կարևոր է նաև այցելավայրերի կառավարման սկզբունքը։ Խաչիկյանն ընդգծում է՝ որոշակի բացեր այստեղ նույնպես կան։ Այժմ արդեն այցելավայրերի կառավարման նոր օրենքը որոշակի հստակեցումներ կմտցնի, և 2024թ․-ի սեպտեմբերից նոր օրենքի՝ շրջանառության մեջ մտնելով, լիցենզավորման շրջանակներում կլուծվեն նաև այդ խնդիրները։