Համագործակցությունը տնտեսական ոլորտներում կարող է նպաստել Հայաստանի և Մեքսիկայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը

«Համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության և, հատկապես տեխնոլոգիաների ոլորտում կարող է նպաստել Հայաստանի և Մեքսիկայի միջև առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը». Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 24-ին ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Խոսե Ռիկարդո Գայարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Մեքսիկայի հետ 2023 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 2.3 մլն ԱՄՆ դոլար, և իմ կարծիքով, առկա է չօգտագործված ներուժ, որն անհրաժեշտ է ուսումնասիրել և իրացնել», - նշել է Գևորգ Պապոյանը:
Երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ոլորտների թվում նախարարը մատնանշել է, մասնավորապես՝ հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության ոլորտները։
Նախարարը հյուրերին ներկայացրել է երկրի ներդրումային միջավայրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։