Հայաստանում 4 տարվա ընթացքում ո՞ր ոլորտներում են աճել զբաղվածությունն ու աշխատավարձերը. վիճակագրություն

Հայաստանում 4 տարվա ընթացքում ո՞ր ոլորտներում են աճել զբաղվածությունն ու աշխատավարձերը. վիճակագրություն
4 տարվա ընթացքում ՀՀ–ում վարձու աշխատողների և միկրոբիզնեսի սուբյեկտների ընդհանուր թիվը 597,8 հազարից հասել է 752,3 հազարի, իսկ նրանց միջին աշխատավարձը 194 հազար դրամից հասել է 297 հազար դրամի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոմոնիկայի նախարարությունը` հիմնվելով պետական եկամուտների կոմիտեից ստացված պաշտոնական օպերատիվ տեղեկատվության վրա։
Ըստ այդմ, ցուցանիշներն առավել աճել են ՏՏ–ում և մոլախաղերի ոլորտում։
Համաձայն ՊԵԿ տեղեկատվության՝ 2024 թ. մայիսի վերջի դրությամբ հարկման բազա ունեցող անձանց (եկամուտներ ապահոված աշխատատեղերի) թվաքանակը կազմել է 752.260, աճը 2023 թ. մայիսի նկատմամբ կազմել է 4.7 %։ Ընդհանուր տնտեսությունում միջին հարկման բազան (աշխատավարձը) կազմել է 296,690 դրամ, անվանական աճը եղել է 6. 7 %: Հարկման ընդհանուր բազան կազմել է 223.2 մլրդ դրամ, անվանական աճը՝ 11.7 %։

ՏՏ ոլորտում աշխատակիցների թիվն աճել է կրկնակիից շատ՝ մոտ 12,4 հազարից հասնելով 27,4 հազարի, իսկ միջին աշխատավարձն աճել է գրեթե կրկնակի՝ 666,7 հազարից հասնելով 1 մլն 180 հազար դրամի, իսկ շահումով խաղերի ոլորտում աշխատակիցների թիվը 3,9 հազարից հասնել է 8 հազարից մի փոքր ավելի, աշխատավարձը 334 հազարից հասել է 680 հազար դրամի:

Թե ՏՏ ոլորտի, թե շահումով խաղերի դեպքում աճը մասամբ կապված է արտասահմանյան ընկերությունների մուտքով ՀՀ. ծրագրավորման դեպքում Ռուսաստանից Հայաստան են ժամանել միջին և փոքր բազմաթիվ ընկերություններ, ինչպես նաև 10–ից ավելի խոշոր կազմակերպություն: Շահումով խաղերի դեպքում ՀՀ–ում, օրինակ` 2022 թ. հոկտեմբերին խոշոր գրասենյակ է բացել շվեդական Evolution ընկերությունը։

Երկու դեպքում էլ, սակայն, արտերկրից ժամանակ ընկերություններն ու մասնագետները այս ոլորտների արագ զարգացման միակ գործոնը չեն, քանի որ արագ զարգացել են նաև տեղական ընկերությունները։

Բացի այդ, զբաղվածությունը գրեթե երկու անգամ աճել է հանրային սննդի և շինարարության ոլորտներում. առաջին դեպքում՝ 16,5 հազարից մինչև 31,5 հազար, երկրորդ դեպքում՝ 9 հազարից հասնելով մինչև 17 հազարի: Հանրային սննդի ոլորտում միջին աշխատավարձը 87 հազարից հասել է 145 հազար դրամի, իսկ շինարարության ոլորտում՝ 226 հազարից հասնելով մինչև 376 հազարի:
 
Ավելին`   armenia.sputniknews.am