Մարզպետ Կոլյա Միքաելյանը Վայքում հանդիպում է ունեցել ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների հետ

Մարզպետ Կոլյա Միքաելյանը Վայքում հանդիպում է ունեցել ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների հետ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը Վայք համայնքում հանդիպեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակություն հաստատած անձանց հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև սոցիալական աշխատողներ։

448949465_483898680683562_1612856103359483265_n.jpg (133 KB)
Ըստ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության` հանդիպման նպատակը վերջիններիս «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի և դրա իրականացման արդեն հաստատված կարգի մասին իրազեկելն էր, այլ ընթացիկ խնդիրների անդրադառնալը։
 Մարզպետ Կոլյա Միքաելյանը ընդգծեց, որ ՀՀ Կառավարության ջանքեր է գործադրում մեր հայրենակիցների տարաբնույթ հարցերի կարգավորման, այդ թվում նաև բնակարանային ապահովման խնդրի լուծման համար։
Այնուհետև շահառուներին հանգամանորեն ներկայացվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, պայմանները, փուլերը, բնակավայրերի տեղակայմամբ պայմանավորված աջակցության չափը, ծրագրի իրականացման հաստատված կարգը։
Նշվեց, որ արդեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում գործում է համապատասխան հարթակը՝ առցանց դիմումները լրացնելու համար։ Անդրադարձան ծրագրի իրականացման ժամկետներին, դիմելու կարգին և եղանակներին։
Ըստ այդմ, միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ https://housing.socservice.am/
  • հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար
  • հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար,
  • օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։
Այնուհետև պատկան մարմինների ներկայացուցիչները պատասխանեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հարցերին ,որոնք առնչվում էին հիմնականում բնակապահովման ծրագրին, փաստաթղթերի կարգավորման, առողջապահական, սոցիալական ոլորտներին, ինչպես նաև տարբեր ծրագրերում ընդգրկվելու պայմաններին։
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Կ. Միքաելյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների խնդիրները մարզպետի աշխատակազմի մշտական ուշադրության և հոգածության ներքո են, դրանց լուծման անհրաժեշտությունը՝ առաջնահերթ աշխատանքի անբաժանելի մասը: