Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևանի հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն սահմանված քանակի նոր ավտոբուսների և տրոլեյբուսների շահագործման պահից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում անդրադառնալով վերոնշյալ համակարգի ներդրման ժամկետի հետաձգման պատճառների վերաբերյալ հարցին՝ այդ մասին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Համակարգի ներդրման ժամկետի հետաձգումը պայմանավորված է երևանցիներին տրված այն խոստմամբ, որ դա տեղի է ունենալու 171 նոր ավտոբուսների և տրոլեյբուսների գիծ մտնելուց հետո միայն: Վստահեցնում եմ՝ նոր համակարգն ուղղակիորեն կչեզոքացնի բոլոր հնարավոր խոռոչները, որոնք առկա էին այդ կառույցում՝ հաշվի առնելով, որ կանխիկ դրամի շրջանառություն այլևս չի ենթադրվում», - նշեց Երևանի քաղաքապետը:

Ավելի վաղ քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ միասնական տոմսային համակարգը ներդրվելու է ոչ թե սեպտեմբերից, ինչպես նախօրոք հայտարարվել էր, այլ 2025 թվականի հունվարից: Ըստ նրա, նմանապես   սեպտեմբերի 1-ից տեղի չի ունենա նաև հանրային տրանսպորտի գնի փոփոխություն: