Հիմնանորոգվում է ոռոգման ինքնահոս ջրատարը

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում սկսվել են «Մանասի առու» ինքնահոս ոռոգման ջրատարի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Արտաշ Սարդարյանը, շինարարությունն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի միջոցներով՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 319,4 մլն դրամ, որով նախատեսվում է «Մանասի առու» ջրանցքի գլխամասից մինչ Մարտունի քաղաքի և Վաղաշեն գյուղի բաժանարար հանգույցն ընկած 7 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում բետոնապատմամբ։
«Այս ջրանցքը, որով ինքնահոս ջուր է մատակարարվել Մարտունի քաղաքին ու Վաղաշեն գյուղին, կառուցվել է նախորդ դարի 60-ական թվականներին։ Այն քայքայվել ու գրեթե կորցրել էր շահագործման պիտանիությունը։ Այնպես որ, այս ջրանցքի հիմնանորոգումը խիստ անհրաժեշտ էր։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։ Իհարկե, շինարարությունը ոչնչով չի խոչընդոտելու ոռոգմանը, քանի որ ունենք ջրամատակարարման այլընտրանքային տարբերակ՝ այն իրականացնելով հողե հին առվով, որը կառուցվել է հնագույն ժամանակներում և լեռան փեշերով ձգվում է 13-15 կմ ու գործում է մինչ օրս»,-ներկայացրեց Արտաշ Սարդարյանը։
Աղբյուրը՝ infoport.am