Չինաստանի և Հնդկաստանի հետ աշխատում ենք Հյուսիսային ծովային ճանապարհի ուղղությամբ. Լավրով
Ռուսաստանը Չինաստանի և Հնդկաստանի հետ միասին աշխատում է Հյուսիսային ծովային ճանապարհի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ Եվրասիական ենթակառուցվածքի յուրացման համատեքստում։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի ժամանակ։
Նախարարը հիշեցրել է ՉԺՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագրի մասին, որը վերաբերում է մի կողմից չինական «Գոտի-ճանապարհ» նախաձեռնության զարգացման գործընթացների զուգակցմանը, մյուս կողմից՝ ԵԱՏՄ հովանու ներքո ինտեգրման զարգացման գործընթացներին:
«Մենք, ՉԺՀ-ի հետ միասին, չենք սահմանափակվում միայն Եվրասիայի զարգացման խնդիրների այդ կողմերով։ Չինաստանը ՇՀԿ անդամ է, իր հարաբերություններն ունի նաև այլ ինտեգրացիոն միավորումների, այդ թվում՝ ASEAN-ի (Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) հետ»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Եվրասիայում բավականաչափ շատ նախագծեր կան, որպեսզի տարածաշրջանի երկրներն իրենք կարողանան ակտիվորեն օգտագործել իրենց բնական, մրցակցային առավելությունները։
«Մեզ փորձում են շեղել այդ ճանապարհից, մեզ հետ փորձում են հեռվից մրցակցել»,-նկատել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Հյուսիսային ծովային ճանապարհը Սուեզի ջրանցքի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ավելի ու ավելի հաճախ է դիտարկվում որպես այլընտրանքային երթուղի։ Առաջին թեստային կոնտեյներատարը դրանով անցել է 2013 թվականին։ Շանհայից բեռները Ռոտերդամ են հասել երկու շաբաթ ավելի արագ, քան սովորաբար տեղի է ունենում Սուեզով փոխադրման ժամանակ:
Այսօր այդ ճանապարհով փոխադրումները բարդացել են մի շարք պատճառներով․ պետք է սառցե դասի նավատորմ զարգացնել, կառուցել սառցահատներ, զարգացնել ենթակառուցվածքներ և այլն: Որպեսզի Հյուսիսային ծովային ուղին Սուեզին իրական այլընտրանք դառնա, հարկ կլինի մի շարք աշխարհաքաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական խնդիրներ լուծել:
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru