Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնց շինությունների դրսի հատվածում տեսախցիկներ չկան տեղադրված, շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար համակարգեր տեղադրել։ Եթե տեսախցիկներ արդեն կան, ապա դրանք պետք է համապատասխանեցվեն ՆԳՆ-ի պահանջներին։ 

Տնտեսվարողների ցանկում ընդգրկված են վարկային կազմակերպությունները, գրավատները, 100 քմ-ից  ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտները, 50 քմ-ից ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտները, առևտրի խոշոր կենտրոնները, ուսումնական հաստատությունները, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունները և այլ կառույցներ։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը նշեց, որ այս նախագծի նպատակը անվտանգային միջավայրի բարելավումն է. այն է՝ անել ամեն ինչ, որ Հայաստանի տարածքում հանրային անվտանգության որակը բարձրանա։ Տնտեսվարողները պարտավոր են լինելու 24 ժամյա ռեժիմով տեսախցիկներին հասանաելիություն տրամադրել ՆԳՆ-ին։ Կլինի նաև տեսանյութը ներբեռնելու, առցանց ռեժիմով հետևելու հնարավորություն։ 

«Այսօր էլ որոշ տնտեսվարողներ իրենց շինությունների մոտ տեղադրել են տեսահսկման համակարգեր, հարկ եղած դեպքում ոստիկանության ծառայողները կարող են գնալ ու դա վերցնել, բայց դա ժամանակ է պահանջում։ Այնինչ, շատ կարևոր բաղադրիչ է, այսպես կոչված, տաք հետքերով հանցագործություններին արձագանքելը։ Պատկերացրեք ոչ աշխատանքային օր կամ ոչ աշխատանքային ժամ, ունենք ահազանգ, և մենք պետք է գնանք, տնտեսվարողից, որն այդտեղ չէ՝ խնդրենք և ստանանք այդ տեսագրությունը։ Այստեղ առնվազն օպերատիվության կորուստ ունենք», - ասաց Ռուսլան Մարանդյանը։

Այս նոր մեխանիզմների արդյունքում ՆԳՆ -ն կարողանալու է նաև օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց տեղաշարժն ուսումնասիրել ոչ միայն մեկ տնտեսվարողի, այլև՝ մյուս տնտեսավարողների տեսահսկման համակարգերի նկարահանած նյութով ամբողջական պատկեր ստանալու համար։ 

Դիտարկմանը, թե կիբեռանվտանգության տեսանկյունից որքանո՞վ է այս գործընթացը պաշտպանված, ՆԳՆ ներկայացուցիչն արձագանքեց, որ ունենալու են գերժամանակակից համակարգ՝ հնարավոր ռիսկերը կանխելու համար։

Ինչ վերաբերում է տնտեսվարողների վրա հավելյալ ֆինանսական բեռ լինելուն, ապա ՆԳՆ-ից վստահեցրեցին, որ մեծ ծախսերի մասին չի խոսքը։ Շուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսվարողի համար այդ գործընթացը կարժենա մոտ 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։