GIS միասնական էլեկտրոնային համակարգը Երևանի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կդարձնի ավելի արդյունավետ

GIS միասնական էլեկտրոնային համակարգը Երևանի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքները կդարձնի ավելի արդյունավետ

Երևանի քաղաքապետարանի ներդրած նոր GIS էլեկտրոնային քարտեզն էապես արդյունավետ կդարձնի կառույցի աշխատանքներն` ուղղված մայրաքաղաքի խնդիրների լուծմանը։ Այն նաև կպարզեցնի, ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը նշեց, որ հարթակն առաջնահերթ նախատեսված է քաղաքաշինության և քաղաքային պլանավորման ոլորտի համար։ 

«Առցանց ռեժիմով հավաքագրվում են մի շարք կառույցներից ստացված տարբեր տվյալներն՝ անգամ օդի աղտոտվածության ցուցիչները: Երևանի միասնական հարթակի ամենակարևոր ձեռքբերումներից է քաղաքի էլեկտրոնային կրկնօրինակը: Անօդաչու թռչող սարքից արված լուսանկարները թույլ են տալիս ստանալ ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը, իսկ տիեզերանկարների համադրմամբ՝ տեսնել քաղաքի զարգացումն ու կառուցապատումը տարիների ընթացքում»,-նշեց նա: 

Մանուկյանի  խոսքով՝ համակարգի մի շարք բաժիններում հավաքագրված տվյալների մեծ մասը նախատեսված է ներքին կիրառման նպատակով: Կան բաժիններ, որ հասանելի են քաղաքացիներին  և ըստ նրա,  եթե քաղաքապետարանը տեսնի, որ կարիք կա որևէ բաժին հասանելի դարձնելու քաղաքացիներին, հետագայում դա կարվի:

«Տարածատեղեկատվական միասնական GIS համակարգը նախատեսվում է ներդնել նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում՝ աղբահանության: Հարթակի շնորհիվ հեշտությամբ կարելի է տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և ե՞րբ ու ինչպե՞ս է այն վերացվելու: 

Նախատեսվում է ունենալ քաղաքային երթևեկության և լուսացույցների առցանց տվյալները, ինչի շնորհիվ  հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը: 

Բնապահպանության ու հատկապես կանաչապատման ոլորտում GIS-ը կիրառվելու է կանաչ տարածքների քարտեզագրման, պլանավորման, ոռոգման ցանցի կառուցման, մոնիթորինգի և այլ գործառույթներում»,-ասաց Սարգիս Մանուկյանը:

Կենտրոնի տնօրենն ընդգծեց՝ հարթակի հնարավորությունները բավականին լայն են և քաղաքապետարանը շարունակելու է ընդլայնել և թվայնացնել քաղաքային տնտեսության ճյուղերը՝ բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը: