ՀՀ տեխնոլոգիական ոլորտի ներուժն ամբողջովին իրացնելու համար օրենսդրական և այլ խնդիրների լուծման կարիք կա

ՀՀ տեխնոլոգիական ոլորտի ներուժն ամբողջովին իրացնելու համար օրենսդրական և այլ խնդիրների լուծման կարիք կա

Հայկական տեխնոլոգիական ոլորտը հաճախ համարվում է Հայաստանի տնտեսական զարգացման ամենախոստումնալից և ռազմավարական ուղղություններից մեկը: Վերջին տասը տարվա ընթացքում ոլորտը նշանակալիորեն աճել և հասունացել է: Ընդ որում, եթե տարիներ առաջ ոլորտի հիմքում աութսորսինգն էր՝ EPAM-ի, DataArt-ի, Instigate-ի և Volo-ի նման մեծ, տեղական և միջազգային ընկերությունների տեսքով, ապա ներկայումս ոլորտում տեղի են ունենում բազմաթիվ նորարարություններ, և հայկական մի շարք ստարտափներ իրենց ոլորտի միջազգային շուկայում առաջատար են դարձել:

2021 թվականին արհեստական բանականությամբ ֆոտոխմբագրման ծառայություններ առաջարկող Picsart-ը ֆինանսավորման երրորդ փուլով (Series C) ներգրավեց 130 մլն դոլար ներդրում վենչուրային առաջատար կապիտալներից, ինչպիսիք են Sequoia-ն ու Softbank-ը, և դարձավ հայաստանյան առաջին միաեղջյուր ընկերությունը (unicorn): Krisp-ը, SoloLearn-ը, SuperAnnotate-ը, Activeloop-ը, Cognaize-ը, 10 Web-ը և Podcastle-ը նույնպես առաջատարներ են իրենց համապատասխան ոլորտներում. այս ընկերությունները կարողացել են տարբեր փուլերով (Series A և Series B) ներդրումներ ներգրավել այնպիսի ներդրողներից, ինչպիսիք են YCombinator-ը, Sierra Venture-ը, AI Fund-ը, RTP Global-ը և Argonatic Ventures-ը: Մի շարք առաջատար միջազգային ընկերություններ ևս Հայաստանում մասնաճյուղեր ունեն. դրանցից են NVIDIA-ն, Synopsys-ը, AMD-ն, Adobe-ն, VMware-ը (by Broadcom), Siemens-ը, Microchip-ը և Teamviewer-ը: Այս ընկերություններից շատերը հայկական էկոհամակարգ են մուտք գործել տեղական ստարտափներ գնելով, քանի որ գնահատել են տեղական ստարտափների նորարարություններն ու կարողությունները, և այդ թիմերն այժմ այդ ընկերությունների կազմում մշակում են միջազգայնորեն կիրառվող պրոդուկտներ: Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանում մասնաճյուղեր են բացել նաև սփյուռքի ներկայացուցիչների կողմից հիմնադրված ընկերություններ, մասնավորապես՝ կենցաղային սպասարկման ոլորտի ընկերություններին ծրագրային ապահովում առաջարկող ServiceTitan-ն ու հաճախորդների փորձառության հարթակ առաջարկող DISCO-ն: 2022 թվականից ի վեր հայաստանյան էկոհամակարգում են գործում նաև Yandex-ը, Veam-ը, Quantory-ն, Grid Dynamics-ը, Align Technologies-ը և BostonGene-ը՝ իրենց գործունեության նախկին երկրներում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություններից ելնելով: Այս ընկերություններից շատերը արագորեն հայտնվել են ՏՏ ոլորտի թոփ 20 հարկատուների ցանկում:

Տնտեսական տվյալները նույնպես փաստարկում են ՏՏ ոլորտի աճը: Նախորդ մի քանի տարիներին ՏՀՏ-ի հայկական ոլորտն ունեցել է շարունակական երկնիշ աճ՝ 2023 թ. գրանցելով 30% աճ և ապահովելով ՀՆԱ-ի 8.25%-ը:

Այս հաջողության պատմություններն ու դրանց կից տվյալները ցույց են տալիս, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ավելի աճելու և միջազգայնորեն մրցունակ լինելու ներուժ ունի: Այս մասին է խոսել նաև ՀՀ կառավարությունը՝ բազմիցս նշելով ՏՏ ոլորտի ռազմավարական կարևորությունը, հատկապես Հայաստանի նման ծովային ելք չունեցող և ցամաքային առևտրի դեպքում խնդիրներ ունեցող երկրում: Տարիներ շարունակ կառավարությունն ակտիվորեն աշխատել է ոլորտի համար բարենպաստ միջավայր ստեղծելու ուղղությամբ՝ կիրառելով օրինակ հարկային արտոնություններ և ստարտափների համար դրամաշնորհներ:

Այնուամենայնիվ՝ ոլորտի ներուժն ամբողջովին իրացնելու համար դեռևս կարիք կա մի շարք օրենսդրական և այլ խնդիրներ լուծելու: Այս խնդիրների լուծմանն է միտված ԱՏՁՄ-ի նոր բաժինը:

ԱՏՁՄ-ում ստեղծվել է քաղաքականության զարգացման և շահերի պաշտպանության բաժին

Դեռ 2000 թվականից ԱՏՁՄ-ն կարևոր դեր է խաղացել Հայաստանում տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելու և ապահովելու հարցում: Մեր ձեռնարկությունների միությունը ներառում է ավելի քան 160 կազմակերպություն, այն է՝ ՏՀՏ ոլորտի հարկատուների ավելի քան 60%-ը: Այդ ընթացքում սերտորեն աշխատել ենք ոլորտի տարբեր շահառուների հետ՝ ներառյալ կառավարության, մասնավոր ընկերությունների և քաղաքացիական հասարակության անդամների: Այս աշխատանքը շարունակելու և հանրային քաղաքականության  մշակման և զարգացման շուրջ մեր ներդրումը մեծացնելու նպատակով ԱՏՁՄ-ն որոշում է կայացրել հիմնելու նոր կառուցվածքային միավոր՝ հանրային քաղաքականության զարգացմանը և շահերի պաշտպանությանը միտված:

Այս բաժնի նպատակն է նպաստել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ ներգրավվելով բարձր տեխնոլոգիական սեկտորը կարգավորող հանրային քաղաքականության մշակման և զարգացման մեջ: Այդ նպատակով մենք նախատեսում ենք սերտորեն աշխատել տեխնոլոգիական համայնքի և կառավարության հետ՝ առանձնացնելու սեկտորի զարգացմանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, և, միջազգային լավագույն փորձի և տեղական կոնտեքստի հաշվառմամբ, մշակել արդյունավետ լուծումներ: Բաժինն ակտիվորեն կկոորդինացնի հանրային և մասնավոր սեկտորների միջև երկխոսությունը՝ դրանով իսկ բարելավելով կարգավորման շրջանակն ու խթանելով ոլորտի զարգացումը:

Ավելին`   b24.am