Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները

Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները

Ամփոփվել են ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բազմոլորտային կարիքների գնահատման ուսումնասիրության արդյունքները․ քննարկմանը մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների ու գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրության` պետական գերատեսչությունների, միջազգային կառույցների մասնակցությամբ իրականացված հետազոտության նպատակն է բացահայտել ընտանիքների առաջնային կարիքները, որոնց հիման վրա հետագայում կմշակվեն նոր քաղաքականություններ ու աջակցության մեխանիզմներ։

Նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակիցներին ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության միջնաժամկետ և բնակարանային ապահովման պետական աջակցության երկարաժամկետ ծրագրերը։ Վերջինիս խոսքով՝ պետական բնակարանային ծրագրի իրագործմանը զուգահեռ՝ կարևոր է նաև փափուկ հմտությունների, քաղաքացիական կողմնորոշման և նոր գիտելիքի տրամադրման միջոցով օգնել հայրենակիցներին՝ ունենալ տնտեսական ինքնաբավություն և տեսնել իրենց ապագան Հայաստանում։   

«Փախստականների համաշխարհային օրվա հիմնական ուղերձն այն է, որ հրատապ լուծումներ են անհրաժեշտ՝ ապահովելու, որ փախստական և տեղահանված երեխաներն ու ընտանիքները կարողանան օգտվել նույն իրավունքներից և հնարավորություններից, ինչ մյուսները: Լուծումների նախագծման կարևոր տարրերից մեկը, իհարկե, փախստական երեխաների և նրանց ընտանիքների կարիքները հասկանալն է: Կիրառված մոտեցումներն ու գործիքները դեռևս 2021 թվականից ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ աշխատանքի արդյունքն են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ուղղված արտակարգ իրավիճակների ժամանակ կարիքների գնահատման համակարգերի բարելավմանը և դրանք սոցիալական պաշտպանության առկա ծրագրերին կապելուն»,- ասել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Վերջինս նաև նշել է, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը բարձր է գնահատում փախստականների ճգնաժամին արձագանքելու ՀՀ կառավարության կողմից իրականացված աշխատանքները՝ և՛ դրամական օգնության, և՛ աջակցության այլ ծրագրերի միջոցով: Քրիսթինե Վայգանդը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը՝ փախստականների և հյուրընկալող համայնքի երեխաների ու ընտանիքների համար միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի նախագծման ու իրականացման հարցում: 

Քննարկման ընթացքում ներկաները ծանոթացել են հետազոտության մանրամասներին՝ կիրառված մեթոդաբանությանն ու գործիքակազմին, կարիքների գնահատման հարցաշարերին։ Անդրադարձ է կատարվել նաև ընտանիքների առողջապահական, մասնագիտական, կրթական, զբաղվածության և այլ հարցերին։

Հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեխնիկական աջակցությամբ, ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԱՄՆ ՄԶԳ-ն, տեխնիկական փորձաքննության հարցում՝ Պարենի համաշխարհային ծրագիրն ու Համաշխարհային բանկը: Ուսումնասիրությունը արտակարգ իրավիճակներում կարիքների համալիր գնահատման համակարգերի և գործիքների լավարկման, սոցիալական պաշտպանության կանոնավոր ծրագրերի իրականացման համար կարևորագույն գործիք է դառնալու՝ նպատակ ունենալով զարգացնել սոցիալական պաշտպանության հասցեական և արդյունավետ արձագանքման համակարգը։