Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Երկիր մոլորակի  չափահաս բնակիչների գրեթե մեկ երրորդը կամ 1,8 միլիարդ մարդ ենթարկվում է սրտանոթային, ուռուցքաբանական և այլ հիվանդությունների մեծ ռիսկի, քանի որ չի կատարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հանձնարարականները կանոնավոր ֆիզիկական ակտիվության վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասված է կազմակերպության զեկույցում։

2022 թվականի վիճակագրության համաձայն՝ «աշխարհում չափահաս մարդկանց գրեթե մեկ երրորդը (31%-ը), այսինքն՝ մոտավորապես 1,8 միլիարդը, չի պահպանել ֆիզիկական ակտիվության առաջարկված մակարդակները։ Փորձագետներն անհանգստացած են, որ «մեծահասակների շրջանում ֆիզիկական ակտիվության բացակայության միտումը 2010-ից մինչև 2022 թվականը մոտ հինգ տոկոսային կետով աճել է»։

«Եթե այս միտումը պահպանվի, ապա, ըստ կանխատեսումների՝ մինչև 2030 թվականը սակավաշարժ ապրելակերպի մակարդակը կաճի մինչև 35 տոկոս», - արձանագրել է ԱՀԿ-ն՝ հիշեցնելով, որ մեծահասակներին խորհուրդ է տրվում շաբաթական 150 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական վարժություններ կամ 75 րոպե բարձր ինտենսիվության  ծանրաբեռնություններ: Ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ընդգծել են մասնագետները, մեծացնում է ինֆարկտների, ինսուլտների, երկրորդ տիպի շաքարախտի, դեմենցիայի, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղի ռիսկը։

Զեկույցում ասվում է, որ անբավարար ֆիզիկական ակտիվությունն ավելի հաճախ հանդիպում է կանանց (34%), քան տղամարդկանց (29%) շրջանում։ Որոշ երկրներում այդ տարբերությունը հասնում է 20 տոկոսային կետի։ 60 տարեկանից բարձր մարդիկ ավելի քիչ են ակտիվ, քան մյուս տարիքային խմբերը, ինչն «ընդգծում է տարեց մարդկանց շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման կարևորությունը», - արձանագրել են ԱՀԿ-ում: