Հայաստանի մասով ներդրումների ծրագիրը մինչև 2026թ․–ը կարող է ընդլայնվել․ Պոդգուզով

Հայաստանի մասով ներդրումների ծրագիրը մինչև 2026թ․–ը կարող է ընդլայնվել․ Պոդգուզով

Մինչև 2026 թվականը Հայաստանի ներդրումային ծրագիրը, ամենայն հավանականությամբ, կընդլայնվի։ Այս մասին նշել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին ԵԱԶԲ տարեկան ժողովի և բիզնես ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցի ընթացքում։

Հինգշաբթի ավելի վաղ Պոդգուզովը հայտարարել էր, որ ԵԱԶԲ ռազմավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականը բաժնետեր երկրների տնտեսություններում գրեթե 11 միլիարդ դոլարի ներդրում: «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը հետաքրքրվել է, թե այդ ներդրումների որ մասնաբաժինը կուղղվի Հայաստան։

«Յուրաքանչյուր երկրի համար մենք ունենք ռազմավարություն։ Իհարկե,  այդ 11մլրդ դոլարը բաշխված է բոլոր մասնակից երկրների միջև։ Ինչ վերաբերում է Հայաստանի մասով ընդունված ռազմավարությանը, մենք ընթանում ենք պլաններից առաջ, քանի որ մենք մոտավոր նախատեսում էինք 200–300 մլն դոլար ֆինանսավորել մինչև 2026 թ․–ը։ Բայց մենք արդեն դուրս ենք գալիս այդ սահմաններից, միգուցե 2024 թ․–ի վերջին–2025 թ․–ի սկզբին», – ասաց Պոդգուզովը։ 

Նա հիշեցրեց, որ բանկը Հայաստանում ներդրումներ ունի էներգետիկ համալիրում (Հրազդանի ՋԷԿ), պարենային անվտանգությունում («Yeremyan Projects»), արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտներում (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում)։

«Մենք քննարկում ենք նաև մի շարք այլ նախագծեր։ Այդ պատճառով վերջին երկու տարում մեզ մոտ մի քանի անգամ ավելացել է Հայաստանի մասով պորտֆելը՝ արդեն մոտենալով 100–200 մլն դոլարի։ Պլանային աշխատանքը շարունակվում է», – ասաց Պոդգուզովը։