Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Կայունության և հավասարության խթանում» ֆորումին

Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը Վիեննայում մասնակցել է «Կայունության և հավասարության խթանում» ֆորումին

Հունիսի 25-ին ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ Վիեննայում (Ավստրիայի Հանրապետություն) մասնակցել է ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կայունության և հավասարության խթանում» խորագրով տարեկան ֆորումին:

download (1).jpg (56 KB)

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հաղորդագրության` ֆորումի ընթացքում կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների և պետական մարմինների ղեկավարների, ոլորտի միջազգային փորձառու մասնագետների կողմից քննարկվել են ընթացիկ տնտեսական մարտահրավերներն ու կայուն զարգացման հասնելու հնարավորությունները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել զարգացման երեք ուղիներին, որոնք են՝ ինստիտուտների ամրապնդում, ենթակառուցվածքների համար նորարարությունների կիրառում և մարդկային կապիտալի զարգացում:

«Բացահայտելով մարդկային պոտենցիալի ուժը» պանելային քննարկման ժամանակ Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել որպես բանախոս: Իր ելույթում նախարարի տեղակալը անդրադարձել է մարդկային կապիտալի ոլորտում Հայաստանի առաջնահերթություններին, ինչպես նաև միջազգային կառույցների հետ համագործակցությամբ ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերին ոլորտի զարգացման ուղղությամբ:  

Այցի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՕՊԵԿ փոխնախագահ Շեյմա Ալ-Շայբիի հետ: Կողմերը քննարկել են ՕՊԵԿ հիմնադրամի հետ բյուջետային աջակցության ոլորտում ընթացիկ և հաջորդ տարիների համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև Քաջարանի թունելի կառուցման շրջանակներում հիմնադրամի կողմից հնարավոր համաֆինանսավորման հարցը:

Քննարկումներ են անցկացվել նաև ՕՊԵԿ հիմնադրամի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների և միջազգային այլ գործընկերների հետ: