Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքում ծանոթացել է իրականացված և ընթացքում գտնվող շինարարական աշխատանքներին

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքում ծանոթացել է իրականացված և ընթացքում գտնվող շինարարական աշխատանքներին
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի ​աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների հետ այցելեց Արաքս համայնքի Ապագա և Ջրառատ բնակավայրեր՝ ծանոթանալու համայնքում իրականացված և ընթացքում գտնվող շինարարական աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետի աշխատակազմից։
Ապագա բնակավայրում մարզպետն այցելեց գյուղի դպրոցին կից, սուբվենցիոն ծրագրով կառուցված մարզադպրոց (մակերեսը` 550 քմ):
Ծրագրի պայմանագրային արժեքը 19.7 ՀՀ դրամ է, որի 35%–ը համաֆինանսավորվել է պետության, իսկ 65%–ը՝ համայնքի կողմից։
Այսօր արդեն վերանորոգված և բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադպրոց է հաճախում ավելի քան 100 երեխա ոչ միայն Ապագա բնակավայրից, այլ նաև հարակից գյուղերից, ովքեր զբաղվում են հունահռոմեական ոճի ըմբշամարտով:
Այնուհետև մարզի ղեկավարն այցելեց նաև գյուղի միջնակարգ դպրոց, տնօրենի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին, առկա նյութատեխնիկական բազային:
Ապագա գյուղում Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և մարզի համայնքների համատեղ ֆինանսավորմամբ կառուցվել է նաև արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի դաշտ:
Ջրառատ բնակավայրում Դավիթ Խուդաթյանն այցելեց մշակույթի տուն, որտեղ ընթացքի մեջ են վերանորոգման աշխատանքները:
Ծրագրի արժեքը 110 մլն դրամ է, որը համաֆինանսավորվելու է 60% կառավարության և 40% համայնքի միջոցներով:
Շրջայցի ժամանակ Դավիթ Խուդաթյանը զրուցեց շինարարական օբյեկտների պատասխանատուների հետ, քննարկեց աշխատանքներին վերաբերող տարաբնույթ հարցեր: