Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջային այցելությունները հիմնականում անկանոն բնույթ են կրում, համակարգված մոտեցումներ դեռևս չեն ձևավորվել: Արդյունավետ համագործակցության բացակայությունը պայմանավորված է տարբեր գործոններով, այդ թվում՝ իրավական կարգավորումների խնդրով: 

Օրերս Երևանում մեկնարկած հայ-վրացական զբոսաշրջային գործարար համաժողովի ավարտին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, Լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի խորհրդի անդամ, «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Սոս Խաչիկյանը:

- Ինչպե՞ս եք գնահատում հայկական և վրացական ընկերությունների համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

- Կարծում եմ՝ ներկայումս այն սիրողական մակարդակի է: Համագործակցությունը ինստիտուցիոնալ բնույթ չի կրում՝ զբոսաշրջիկների փոխայցելություններն իրականացվում են գերազանցապես անհատական նախաձեռնությամբ կամ առանձին գործարարների մակարդակով: Փոխգործակցության զարգացման առումով բավականին լուրջ բաց կա ինստիտուցիոնալ կամ պետական մակարդակում: Հուսով եմ՝ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանում ընդունված զբոսաշրջության վերաբերյալ օրենքը կնպաստի, որպեսզի մեր երկրում այդ ոլորտը դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, ինչն էլ հնարավորություն կընձեռի ավելի համակարգված և կազմակերպված դարձնել հայ-վրացական զբոսաշրջային կապերը:

- Ինչո՞վ է պայմանավորված նման իրավիճակը:

- Պատճառներից մեկը իրավական հարթությունում է: Վրաստանում որոշ չափով լիցենզավորված է զբոսաշրջության ոլորտում մասնագիտացող ընկերությունների գործունեությունը. արտոնագրումը միջազգայնացման բավականին ուժեղ բաղադրիչ է, իսկ Հայաստանում նոր է ընթանում այդ գործընթացը: Բացի այդ, շատ կարևոր է, որ հայկական և վրացական ընկերությունների աշխատանքը կազմակերպվի համանման չափանիշներով: Այդ անհամապատասխանությունը նույնպես էապես խանգարել է զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը:

Շատ կարևոր է նաև այցելավայրերի կառավարման սկզբունքը: Այդ առումով նույնպես Հայաստանում կան որոշակի իրավական բացեր, ոչ հստակ պատկերացումներ: Ճիշտ է, դրանք արդեն որոշակիորեն հստակեցվել են զբոսաշրջության մասին նոր օրենքով: Կարծում եմ՝ այս տարվա սեպտեմբերից մեկնարկող արտոնագրման գործընթացի շրջանակում անդրադարձ կկատարվի նաև այդ խնդրին: Դրա կարգավորումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:

- Այսինքն, այցելավայրերի կառավարումը նույնպե՞ս պետք է իրականացվի որոշակի չափանիշներով:

- Անշուշտ: Այցելավայրերը տարբեր են լինում՝ բնական հուշարձաններ, պատմաճարտարապետական հուշարձաններ և այլն: Կազմակերպությունները պետք է կարողանան ընդունված չափանիշներին համապատասխան կառավարել դրանք, որովհետև հակառակ պարագայում բնության և միջավայրի հետ կապված խնդիրներ կունենանք: Ըստ այդմ, շատ կարևոր է այցելավայրերի կառավարումը բերել արտոնագրման և ստանդարտացման դաշտ:

- Այս համաժողովը որքանո՞վ նպաստեց հայկական և վրացական զբոսաշրջային ընկերությունների միջև համագործակցության ձևավորմանը:

- Համաժողովը միտված էր հենց այդ նպատակին և, կարծում եմ, օգտակար էր մասնակիցների համար: Գործարար ֆորումի առաջնահերթություններից էին համապատասխան կապերի ստեղծումը, կոնտակտների և զբոսաշրջային տարբեր կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, հնարավորությունների բացահայտումը և բիզնես մոդելների շրջանակում որոշակի քննարկումների կազմակերպումը: Շատ կարևոր է ստեղծել այնպիսի համատեղ զբոսաշրջային փաթեթներ, առաջարկներ, որոնք կնպաստեն միջազգային գործընկերության զարգացմանը, իսկ տեղական մակարդակով՝ նաև հայ-վրացական գործարար հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:

- Այդ առումով առաջարկներ ներկայացրեցի՞ք:

- Ելույթս զբոսաշրջության ոլորտում հայ-վրացական գործարար համագործակցությունը միջազգային ծրագրերի շրջանակում զարգացման մասին էր: Ցանկանում եմ շեշտել, որ այդ առումով միջազգային ծրագրերն իսկապես մեծ դերակատարում ունեն ռազմավարական զարգացման և ստանդարտացման, նաև կայուն զարգացման շրջանակների տեսանկյունից: Օրինակ, ամերիկյան զարգացման գործակալությունը՝ USAID-ը, զբոսաշրջության ոլորտում գրեթե նույնանման բաղադրիչներով ծրագրեր է իրականացնում Հայաստանում և Վրաստանում՝ հանդիսանալով այդ դաշտում գործող կառույցների փոխգործակցությունն ապահովող օղակ ռազմավարական զարգացման շրջանակներում: Դա շատ կարևոր է, որովհետև միջազգային ծրագրերի բաղադրիչի ներգրավումը նշանակում է համապատասխան ստանդարտների, ընթացակարգերի և, բնականաբար, փորձի ու հնարավորությունների ներգրավում:

Հրայր Նազարյան