Հայաստանյան 18 գինեգործական ընկերություն մասնակցել է Vinexpo New York 2024 գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսին

Հայաստանյան 18 գինեգործական ընկերություն մասնակցել է Vinexpo New York 2024 գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսին

Նյու Յորքում կայացել է Vinexpo New York 2024 գինու միջազգային ամենամյա ցուցահանդեսը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ և աջակցությամբ հայաստանյան 18 գինեգործական ընկերություն իրենց 60-ից ավելի գինու տեսականիով ԱՄՆ-ում առաջին անգամ մասնակցել են Vinexpo America-ին՝ միասնական տաղավարով։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամից։

Ցուցահանդեսին ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԽԳ հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Հայ գինեգործները հունիսի 24-ին և 25-ին մի շարք հանդիպումներ են ունեցել համտեսողների, սոմելիեների, գինու ոլորտի բիզնես ներկայացուցիչների հետ։

Թե՛ ծավալային, թե՛ գնային առումով աշխարհում ամենախոշոր գինի ներմուծող երկիր համարվող ԱՄՆ-ն ցուցահանդեսի շրջանակներում հյուրընկալել է գինի արտադրող 32 երկրների ավելի քան 440 գինեգործական ընկերությունների ու շուրջ 3000 այցելուների։