Ինչո՞ւ են զբոսաշրջիկները սկսել ավելի քիչ գալ Հայաստան. Մեխակ Ապրեսյանը նշել է պատճառները

Ինչո՞ւ են զբոսաշրջիկները սկսել ավելի քիչ գալ Հայաստան. Մեխակ Ապրեսյանը նշել է պատճառները
2024 թվականին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը նախորդ տարվա առաջին հինգ ամիսների համեմատ փոքր–ինչ (շուրջ 3 %–ով) նվազել են, սակայն այս ցուցանիշը լուրջ ուշադրության է արժանի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թ-ի հինգ ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210–ով պակաս է 2023 թ հունվար–մայիս ամիսների ցուցանիշից։
Ապրեսյանը հիշեցրեց, որ զբոսաշրջության ոլորտը ՀՀ–ում սկսել է արագ վերականգնվել համավարակից և ԼՂ–ում 44–օրյա պատերազմից հետո. 2019 թվականի համեմատ 2020 թ–ին դեպի մեր երկիր զբոսաշրջային ուղևորությունները նվազեցին 72 %–ով։

Նրա խոսքով` զբոսաշրջային հոսքերի կտրուկ թռիչք եղավ 2023 թ–ին, երբ երկիր էր այցելել 2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ, ինչը մոտ 20 %–ով ավելի է 2019, մոտ 39 %–ով` 2022 թվականի ցուցանիշից։

Ապրեսյանը նշեց, որ այցելուների թվի նվազումը կապված է մի շարք գործոնների հետ։

Առաջին հերթին մի շարք պետություններ՝ Ճապոնիան, ԱՄՆ– ն ու ԵՄ երկրները Հայաստանը դեռևս ներառում են ճանապարհորդության համար ոչ անվտանգ երկրների ցանկում. այս երկրների ԱԳՆ–ների կայքերում ՀՀ–ն կարմիր եզրագծերով է ներկայացվում։

«Դա բացասաբար է ազդում այդ երկրներից քաղաքացիների ներհոսքի վրա։ Բացի այդ, կազմակերպված զբոսաշրջությունը Հայաստանում դեռևս բավականաչափ զարգացած չէ։ Այն հանդիսանում է զբոսաշրջության ոլորտի հիմնաքարը։ Դրա փոխարեն, սակայն, ՀՀ են գալիս անհատ զբոսաշրջիկներ», – ասաց Ապրեսյանը։

Զբոսաշրջության վրա, ըստ նրա, ազդում է նաև անհարկի, չհիմնավորված գնաճը։ Մասնագետի խոսքով` այս ուղղությամբ հատկապես մասնավոր ոլորտը պետք է ուշադիր լինի. գնաճի ազդեցությունը ծառայությունների, ապրանքների արժեքի վրա միջազգային շուկայում մեր երկիրը դարձնում են անմրցունակ:

Հայաստանը, փորձագետի խոսքով, բնականաբար չի կարող «էժան երկիր» դառնալ մասսայական զբոսաշրջության համար, սակայն պետք է լինի մրցունակ:

Զբոսաշրջության զարգացումը զսպող մեկ այլ գործոն է աշխարհաքաղաքական իրավիճակը։

Հիշեցնենք, որ 2024–ի ապրիլի դրությամբ` մեր երկիր ժամանածների գրեթե կեսը՝ 42 տոկոսը, Ռուսաստանից այցելուներն են (250 հազար)։ Դեպի ՀՀ զբոսաշրջային հոսքերի աճն ապահոված երկրների թվում են նաև Վրաստանը՝ 14 % և Իրանը՝ 8 %:

Հնգյակում են նաև Հնդկաստանը՝ 3 % և Ֆիլիպինները՝ 2 %: Ընդ որում, ամենից շատ ՀՀ են ժամանում օդային ճանապարհով՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի միջոցով։