Sputnik Արմենիա. Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց տնտեսական խորացող կապեր ունենք ՌԴ-ի հետ. Պարսյան

Sputnik Արմենիա. Քաղաքականությունը` քաղաքականություն, բայց տնտեսական խորացող կապեր ունենք ՌԴ-ի հետ. Պարսյան
Տնտեսական առումով Հայաստանն ու Ռուսաստանն ունեն փոխադարձ բավականին խորացող հարաբերություններ, որքան էլ ՀՀ և ՌԴ տարբեր պաշտոնյաների կողմից հնչեն միմյանց ուղղված մեղադրանքներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ իշխանության քաղաքական կուրսի փոփոխությունը դեպի Արևմուտք տնտեսական ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնեցնել մեր երկրին Ռուսաստանի հետ հարաբերություններում և ԵԱՏՄ շրջանակում։
Տնտեսագետը հիշեցրեց, որ օրինակ, այս տարվա 4 ամսվա տվյալներով` մեր արտաքին առևտրի 60 տոկոսը բաժին է ընկել ՌԴ–ին, մինչդեռ 2023 թ. այն կազմել էր ընդամենը 35–40 տոկոս։

«Քաղաքականությունը` քաղաքականություն, սակայն տնտեսական առումով ունենք բավականին լավ հարաբերություններ հատկապես ԵԱՏՄ շրջանակում։ ՀՀ–ն և ՌԴ–ն միմյանց համար տնտեսական կարևոր երկրներ են դարձել և կարողանում են լուծել կենսական նշանակության շատ խնդիրներ», – նկատեց Պարսյանը։

Օրինակ` արևմտյան պատժամիջոցների ֆոնին Հայաստանն օգնում է Ռուսաստանին` լուծելու տարբեր սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման և Ռուսաստան հասցնելու խնդիրը։ Նաև դա պատճառ դարձավ, որ ՀՀ տեխնիկա վերաարտահանվող ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գլխավորեց 1000 խոշոր հարկատուների ցանկը։

Բացի այդ, վերջին 5 ամսվա ընթացքում ՀՀ-ի միջոցով ՌԴ–ն կարողացել է մոտ 4.5 մլրդ դոլարի ոսկի է վաճառել։

Պարսյանը նորմալ է համարում, որ ՀՀ–ն այս պահին ընդգծված պրոռուսական քաղաքականություն չի վարում, այլապես արևմտյան պատժամիջոցները չէին ուշանա նաև Հայաստանի նկատմամբ։ Արդյունքում Ռուսաստանի հետ արտահանման, ներմուծման, փոխանցումների հնարավորությունները չէին լինի։
«ՀՀ կառավարությունը ցույց է տալիս պրոարևմտյան քաղաքականություն, բայց գործնականում ֆինանսապես, տնտեսապես փոխադարձ սերտ կապերի մեջ է ՌԴ–ի հետ», – ընդգծեց Պարսյանը։

Երբ ՀՀ իշխանությունների կողմից ակտիվանում են պրոարևմտյան հայտարարությունները, ըստ նրա` ՌԴ–ից, բնականաբար, հնչում են նախազգուշացումներ էներգակիրների թանկացման, արտահանման հետ կապված խնդիրների մասին։

«Չմոռանանք, որ ՀՀ–ն իր էներգակիրների 80 տոկոսը ներկրում է ՌԴ–ից։ Երբ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսային հատվածների աղետը, ռուսական «Հարավկովկասյան երկաթուղին» 2–3 ամսվա փոխարեն երկաթուղու աշխատանքները կարողացավ վերականգնել շատ կարճ ժամանակում` մոտ կես ամսում։ Արդյունքում էներգակիրների ներկրումը ՀՀ շարունակվեց նույն տեմպով։ «Հարավկովկասյան երկաթուղին» կարող էր, չէ՞, ձգձգել, սակայն դա չարեց», – նշեց տնտեսագետը։

Ավելին`   arm.sputniknews.ru