Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Հայերս հաճախակի ենք հանգստի կամ պարզապես հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով այցելում Վրաստան, մինչդեռ Հայաստանը դեռևս զբոսաշրջային գրավիչ ուղղություն չէ վրացիների համար: Իրավիճակը փոխելու արդյունավետ միջոց կարող է լինել հարևան երկրի պատմության, մշակույթի, խոհանոցի և զբոսաշրջային հնարավորությունների մասին մարդկանց իրազեկվածության մեծացումը: Այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու և հայ գործընկերների հետ համագործակցությունը զարգացնելու մտադրության մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց Երևանում հայ-վրացական զբոսաշրջային գործարար համաժողովին մասնակցած Discover Georgia զբոսաշրջային ընկերության տնօրեն Նինա Կեկելիձեն: 


- Որքանո՞վ էր արդյունավետ այս համաժողովը:


- Այս տարի երկրորդ անգամ ենք նման միջոցառման մասնակցում Հայաստանում: Շատ հետաքրքիր է քննարկել զբոսաշրջության ոլորտում մեր երկրների համագործակցության հեռանկարները: Կարծում եմ՝ Երևանում և Դիլիջանում անցկացրած երեք օրերը շատ արդյունավետ էին փոխգործակցության մանրամասների քննարկման առումով: Թերևս, համատեղ փաթեթների մշակումը կարող է հրապուրել այլ երկրների զբոսաշրջիկներին և դրական անդրադառնալ ոլորտի զարգացմանը: Շատ կարևոր է, որ առանձնացրեցինք և համակարգեցինք առկա բոլոր խնդիրները՝ կապված զբոսավարների աշխատանքի, զբոսաշրջիկների տեղափոխության, հյուրանոցների և այլնի հետ: Այդ խնդիրների լուծումը թույլ կտա մշակել և գովազդել հետաքրքիր առաջարկներ: Անչափ շնորհակալ ենք այս ծրագրի բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին՝ արդյունավետ քննարկումների հնարավորություն ապահովելու համար:


- Հաջողվե՞ց պայմանավորվածություններ ձեռք բերել:


- Մինչև այդ արդեն ունեինք պայմանագրեր, իրականացվում էին զբոսաշրջիկների համադրված այցելություններ Հայաստան և Վրաստան: Այս տարի գործընթացին ներգրավել ենք նոր տուրօպերատորների, ուստի կլինեն նոր պայմանագրեր, զբոսաշրջային փաթեթներ և կսկսենք միասին աշխատել:


Նախատեսում ենք պայմանագիր ստորագրել մեկ տուրօպերատորի հետ, որը սեպտեմբերին համերգներ է կազմակերպելու Երևանում: Ցանկանում ենք Վրաստանից շատ զբոսաշրջիկներ բերել համերգին: Հայրենիք վերադառնալուց հետո այդ ամենը պաշտոնապես կձևակերպենք:


- Հայաստանը զբոսաշրջության հրապուրիչ ուղղությո՞ւն է Վրաստանի բնակիչների համար:


- Ցավոք, վրացիները հաճախակի չեն այցելում Հայաստան: Մեր նպատակն է նրանց տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է, ունի հետաքրքիր և գրավիչ վայրեր, հիանալի պատմություն, մշակույթ, խոհանոց: Այդ ամենը կնպաստի Հայաստանի նկատմամբ վրացի զբոսաշրջիկների հետաքրքրության աճին և այցելությունների քանակի ավելացմանը:


- Կարո՞ղ եք առանձնացնել Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջության զարգացմանը խանգարող գլխավոր խնդիրները:


- Գլխավորը ծառայությունների որակի հարցն է՝ մարդկանց տեղափոխության կազմակերպումը, ենթակառուցվածքները, սպասարկումը: Պետք է հարմարավետ պայմաններ ստեղծվեն զբոսաշրջիկների համար, որպեսզի չառաջանան խնդրահարույց հարցեր և թյուրիմացություններ: Հենց այդ նպատակով ենք քննարկում համագործակցության բոլոր մանրամասները:


Մեկ օրինակ բերեմ. մեր նախորդ հանդիպման ժամանակ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները դեռևս չունեին երկու երկրների սահմանը ID քարտի ներկայացմամբ հատելու հնարավորություն: Դա ներդրվեց համաժողովից հետո: Այս տարի արդեն քննարկում ենք զբոսաշրջային հոսքերն ավելացնելու և սպասարկման որակը բարելավելու հարցեր, այլ խնդիրներ: Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիայի հետ համատեղ կաշխատենք այդ նախագծերն իրականացնելու ուղղությամբ:


Հրայր Նազարյան