Գաղափարից՝ բիզնես նախագծի ստեղծում. ՀՖՀՀ-ում ամփոփվեցին «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ի արդյունքները

Գաղափարից՝ բիզնես նախագծի ստեղծում. ՀՖՀՀ-ում ամփոփվեցին «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ի արդյունքները

Նեթվորքինգից մինչև բիզնես մոդելի կառուցում.  Աքսելերատոր 28 ծրագրի շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) կողմից իրականացված անվճար «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ն ամփոփեց արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում ավելի քան 70 մասնակիցներ՝ թիմեր և անհատներ, ուսանողներ ՀՖՀՀ-ից, այլ համալսարաններից և անհատ սկսնակ ձեռնարկատերեր, ստեղծեցին իրենց հետաքրքիր գաղափարները, բիզնես մոդելները  և օրեր շարունակ աշխատեցին դրանց զարգացման ուղղությամբ։  

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Աքսելերատոր 28 ստարտափ նախագծերի զարգացման և ուղղորդման ծրագրի համակարգող Ասթինե Սայադյանն ընդգծեց՝ ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում ստարտափների ստեղծմանն ու ձեռնարկատիրության զարգացմանը։  

«2024թ․ հունիսի 17-ին տրվեց առաջին «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ի մեկնարկը, որի նպատակն է սկսնակ ձեռնարկատերերին ոգեշնչել զբաղվելու ձեռնարկատիրությամբ, ստեղծելու և զարգացնելու նորարարական գաղափարներ։ 

Դպրոցի ծրագրում ներառված էին սեմինար՝ «Ձեռնարկատիրական մտածողություն» թեմայով, աշխատարաններ՝ Session of ideas», «Networking», «Շուկայի ուսումնասիրություն», «Value proposition canvas», «Մարքեթինգ», «Business model canvas», «Ֆինանսներ», «Նախապատրաստում փիթչինգին», «Քեյսերի լուծում» թեմաներով։ Դպրոցին հրավիրված էին հայ և օտարերկրացի ակնառու փորձագետներ և մասնագետներ, որոնք սեմինարների և աշխատարանների ժամանակ մասնակիցների հետ կիսվեցին իրենց տեսական գիտելիքներով, և որ ամենակարևորն է՝ պրակտիկ փորձով»,- ասաց Ասթինե Սայադյանը։ 

Նա նշեց, որ  դպրոցը  հունիսի 28-ին ամփոփեց արդյունքները, որտեղ մասնակիցները ներկայացրին իրենց գաղափարները, որոնք նրանք գեներացրել և զարգացրել են դպրոցի ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների շնորհիվ։ Սայադյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում ժյուրիի անդամները կիսվեցին իրենց մասնագիտական կարծիքով, տվեցին հարցեր, որոնց պատասխանները մասնակիցներին կօգնեն իրենց հետագա ճանապարհին։

Նա վստահեցրեց՝ դպրոցը հրաշալի հարթակ է սկսնակ ձեռնարկատերերի համար՝ ներգրավվելու ձեռնարկատիրության մեծ աշխարհում, կապեր հաստատելու ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ, գտնելու թիմակիցների և ոգեշնչվելու կատարել նորարարություններ։ 

Ավելին`   armenpress.am