ՀԲ–ն Հայաստանին կտրամադրի 110մլն դոլարի վարկ մատչելի բժշկական ծառայությունների ապահովման համար

ՀԲ–ն Հայաստանին կտրամադրի 110մլն դոլարի վարկ մատչելի բժշկական ծառայությունների ապահովման համար

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 110 միլիոն ԱՄՆ դոլար (102 միլիոն եվրոյին համարժեք) վարկ՝ ի աջակցություն Հայաստանի «Համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում» ծրագրին, հաղորդում է ՀԲ–ի հայկական գրասենյակի մամուլի ծառայությունը։

Այս գործառնությունը նպատակ ունի բարելավել առողջության առաջնային պահպանման օղակի որակը, ապահովել հասանելի առողջապահական ծառայություններ ողջ երկրում և բարելավել պետական ծախսերի արդյունավետությունը առողջապահության ոլորտում: Ծրագիրն աջակցում է Հայաստանի կառավարության հնգամյա գործունեության միջոցառումների ծրագրի (2021-2026 թթ.) իրականացմանը և «Առողջապահության համակարգի զարգացման ռազմավարության» մաս է հանդիսանում:

«Հայաստանում մասնավոր առողջապահական բարձր ծախսերն եզակի են աշխարհում և բացասաբար են անդրադառնում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի վրա։ Ընթացիկ բարեփոխումները նպատակ ունեն ստեղծել ավելի լավ ֆինանսական և կարգավորող խթաններ որակյալ առողջապահական ծառայությունների տրամադրման համար։ Ընգրկուն բարեփոխումները կարող են հիմնովին փոխել Հայաստանի բնակչության շրջանում հիվանդությունների օրինաչափությունները, և առողջապահությունն ավելի մատչելի դարձնել բնակչության համար», - նշել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Հաստատված գործառնությունը կօգտագործի «արդյունքահենք ծրագիր» ֆինանսավորման գործիքը, որն ուղղակիորեն կապում է միջոցների բաշխումը ծրագրի կոնկրետ արդյունքների գրանցման հետ։ Այն կաջակցի երկրի առողջապահական ոլորտի հավակնոտ բարեփոխումներին, ներառյալ պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրմանը։ Ի լրումն առողջապահական ծառայությունների որակի բարելավման միջոցառումների, բարեփոխումների նպատակն է բարձրացնել առողջապահության ոլորտի պետական ծախսերի արդյունավետությունը։

Ծրագրի շահառուների շրջանակը Հայաստանի ողջ բնակչությունն է, ով կստանա ավելի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար։

Աղբյուրը`   arka.am