Fremont Gold Ltd կանադական ընկերության հետախուզական աշխատանքները Վարդենիսի և Հանքակուտակի հանքերևակումներում

Fremont Gold Ltd կանադական ընկերության հետախուզական աշխատանքները  Վարդենիսի և Հանքակուտակի հանքերևակումներում
Տեղամասերից մեկը` Վայոց Ձորում, հետախուզվել է մի քանի տարի առաջ,  մյուսը` Լոռիում, տասնամյակներ առաջ, բայց երկուսում էլ օգտակար հանածոների չափման աշխատանքը դեռ շատ նախնական փուլում է։
Fremont Gold Ltd կանադական ընկերությունը սկսել է գունավոր մետաղներ և ոսկի որոնել Հայաստանի երկու՝ Վարդենիսի և Հանքակուտակի հանքերևակումներում։ Աշխատանքներն ընթանում են արդեն շուրջ երկու տարի, «Տնտեսական լրագրողների ակումբի» հետ զրույցում նշել է ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Դեննիս Մուրը` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի` Երևանում կայացած տարեկան հանդիպման շրջանակներում։
Առաջին նախագիծը, չնայած պաշտոնական անվանմանը, Վարդենիս քաղաքից գտնվում է մոտ 30 կմ հարավ-արևմուտք՝ Վայոց Ձորում, Գետիկվանք անունով լքված գյուղի մոտ։ Երկրորդը ՝ Հանքակուտակի երևակումը, Լոռիում է՝ Ուրասար գյուղի մոտ, Ստեփանավանից մի քանի կիլոմետր հարավ-արևմուտք։ Երկուսն էլ համարվում են ոչ թե հանքավայրեր, այլ՝ հանքերևակումներ (այնտեղ մետաղների պաշարները ենթադրվում են, բայց դեռ ստույգ հաստատված չեն)։ 
Վարդենիսում 2015-2017 թվականներին հետախուզում էր կատարում մեկ այլ կանադական ընկերություն՝ Dundee Precious Metals–ը (Հայաստանում նրանց հիմնական ակտիվը Շահումյանի ոսկու–բազմամետաղային հանքավայրն էր՝ Կապանի մոտ)։ Հանքակուտակը հետազոտվել է խորհրդային ժամանակներում՝ 1930-ականներին, ապա՝ 1956-1960 թվականներին։ 
Dundee-ն հետախուզական աշխատանքի ընթացքում կատարել էր գրունտի նմուշառում և երկրաքիմիական վերլւոծություն, քարտեզագրում, որից հետո բացել յոթ փոքր, ոչ խորը հորատանցք։  Անցյալ տարեվերջին Fremont-ը հորատել է ևս երկուսը։ 
Հանքակուտակի տարածքում անցած տասնամյակներին բացվել են մոտ 20 հանքուղի (штольня) և, մոտ 1960 թվին, երկու հորատանցք, նշեց Մուրը։  Ուստի երկու նախագծի համար էլ դեռ շատ վաղ է կազմել միջազգայնորեն ճանաչված պաշարների գնահատական (լինի դա ավստրալական JORC կամ կանադական 43-101 ստանդարտներով)։ 
«Հանքային ռեսուրսը չափելու համար, անհրաժեշտ է տարիների աշխատանք և մի քանի հարյուր հորատանցք», - նշեց նա։
Նրա ընկերությունը (որտեղ նա նաև խոշորագույն բաժնետերն է) ունի համեմատաբար փոքր շուկայական կապիտալիզացիա՝ $3,5- 4 միլիոն, և ցուցակված է Toronto Venture Exchange բորսայում (այս առևտրային հարթակը նախատեսված է նորաստեղծ ու զարգացող ընկերությունների համար, ի տարբերություն Toronto Stock Exchange բորսայի, որտեղ ցուցակվում են կայացած ընկերությունները)։ Այժմ Fremont-ը պատրաստվում է անցնել գումարների հայթայթման (capital raise) նոր շրջափուլ։
«Երբ մենք կգտնենք պաշարներ ու կստանանք ֆինանսավորում, մենք կկարողանանք սկսել մեծածավալ հորատում։ Բայց առայժմ` այս տարի, նախատեսում ենք ավարտել ավելի մակերեսային հետախուզումը, որը պակաս ծախսատար է։ Հուսով ենք` կկարողանանք նաև հորատել 4-5 հոր Հանքակուտակի տեղամասում։ Վարդենիսում էլ նախատեսում ենք կատարել երկրաֆիզիկական հետախուզում ` հարուցված բևեռացման մեթոդով», – ասաց Մուրը։
Այդ մեթոդսվ երկրաբանները հողի մեջ են ուղղում էլեկտրական հոսանքի լարում։ Դա թույլ է տալիս հայտնաբերել բարձր և ցածր դիմադրությամբ զոնաներ, որոնք մետաղների առկայության ցուցիչ են։
Վարդենիսի տեղամասում դեռ անհրաժեշտ է կենտրոնացնել  հետախուզվող տարածքը։ Թեև մետաղ պարունակող ապարներն այս տարածքում կարող են բավականին լայն տարածված լինել, սակայն պետք է գտնել, երկրաբանների լեզվով ասած` հանքային մարմնի կորիզը,  որտեղ հորատումն առավել նպատակահարմար կլինի։  Այդտեղ նախատեսվում է պատրաստվել աշխատանքի ` ձնհալից հետո (որը այդ լեռնային տեղանքում դեռ չի ավարտվել)։ Իսկ Լոռիում` Հանքակուտակում, նախատեսվում է կատարել գրունտի մակերեսային նմուշառում։
Մուրը հավելեց, որ տեղի համայնքներից ու երկրի կառավարությունից առավելագույն հնարավոր աջակցությունն է ստանում։ Նման ծրագրերը պահանջում են եռակողմ` «կառավարություն –համայնք – բիզնես» գործընկերություն։ Եթե հնարավոր լինի գտնել տնտեսապես շահավետ հանքավայր, դրանից կշահեն բոլոր երեք կողմերը, եզրափակեց նա։