2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթի ընթացքում հայտարարեց, որ ներկայում երկրի պետական բյուջեի ծախսերի մոտ 80 տոկոսը հանդիսանում է նախորդ ժամանակահատվածներից ժառանգված պարտադիր ծախս, իսկ արդեն 2018 թվականից հետո բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել:

«Այսօր էլ, մեր պետական բյուջեի մեջ ծախսերի մոտավորապես 80 տոկոսն այն ծախսերն են, որոնք նախկինից ժառանգված են և պարտադիր ծախսեր են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշեց վարչապետը:

Նա շեշտեց, որ բյուջեի ծախսերի 80 տոկոսը, եթե ոչ ավելին՝ շարունակական ծախսերն են, որոնք կարևոր ծախսեր են: Օրինակ՝ կենսաթոշակը։ Կառավարությունը չի կարող վերցնել ու ասել՝ եկեք կենսաթոշակը մի քիչ այս տարի պակասեցնենք և ավելի շատ ծախսենք այլ նպատակների, այդ թվում՝ մարդու իրավունքների վրա։ Նա նկատեց, որ բյուջետային հնարավորությունների մասին խոսելիս միշտ պետք է այս հանգամանքը հաշվի առնել։

Վարչապետի խոսքով՝ երբ Կառավարությունը հարկային բարեփոխումներ է փորձում իրականացնել, շատ դեպքերում որոշակի տարընթերցումների տեղիք է տալիս։ Նրա դիտարկմամբ՝ բյուջեն բնակչության աշխատանքի արդյունքում գեներացված այն միջոցներն են, որոնք կարելի է ծախսել ՀՀ կարիքների համար։

«Մենք ուզում ենք, որ պատշաճ աշխատավարձեր լինեն, որպեսզի բոլոր տեղերում մարդիկ պատշաճ ձևով կարողանան աշխատեն: Սակայն շատ դեպքերում ստիպված ենք կատարել ընտրություն: Այդ ընտրությունը դժվար է, շատ դեպքերում մեզ օգնության են հասնում միջազգային գործընկերները»,- ասաց Փաշինյանը։ 

Նրա խոսքով՝ անխոս պետք է գումար ծախսել մարդու իրավունքների պաշտպանության համար: Այլ հարց է, թե որտեղից պետք է գտնել այդ գումարը. 

«Կա 2 ճանապարհ՝ որտեղի՞ց կրճատել, որպեսզի կարողանանք մյուս տեղում ավելացնել, կամ՝ ինչպե՞ս ավելացնել բյուջեի եկամուտները: Այլ տարբերակ չկա»: